ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ՆՈՐ ՏԱՐԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԲԱՐ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Ըստ Գրիգոր Տաթևացու` Նոր տարին սկսվեց տոնվել բաբելոնյան աշտարակաշինությունից հետո, երբ 72 ազգերը ցրվելով տարածվեցին երկրով մեկ ու յուրաքանչյուր ազգ իր տարածքը մտնելով էլ սկսեց տոնել տարեմուտը։ Հռոմեացիների համար այն դարձավ հունվար ամիսը, հրեաների՝ նիսանը, իսկ հայերի համար` նավասարդը։ Հետագայում բոլոր ազգերն էլ միավորվեցին և Նոր տարին սկսեցին տոնել հունվար ամսին։ Նոր տարվա քրիստոնեական գաղափարների, Սուրբծննդյանը նախորդող եկեղեցական կարգերի, տոնական ծեսերի և ուտեստների վերաբերյալ զրուցեցինք Ստեփանակերտի Սբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա ՄՈՎՍԵՍՅԱՆԻ հետ։
-Տեր Հայր, Նոր Տարին քրիստոնեական ի՞նչ գաղափարներ է իր մեջ պարունակում, և մեր եկեղեցու հայրերն ինչպե՞ս են մեկնաբանում այն ձմռանը տոնելու առումով։
-Մինչև Հիսուս Քրիստոսի ծնունդը ազգերը Նոր Տարին տոնել են տարբեր ժամանակահատվածներում: Այս տոնի ու խորհրդի մասին տեղեկանում ենք նաև Հին Կտակարանից։ Մենք` որպես աշխարհի հնագույն ազգերից մեկը և, իմ կարծիքով, խոսում ենք նաև Նոյի լեզվով, որովհետև Նոյը մնաց Հայաստանում, այնուհետև Հայկն էլ վերադարձավ և հաստատվեց Արարատյան դաշտավայրում, Նոր տարին սկսեցինք տոնել նավասարդի 1-ից, ինչն էլ համընկնում է օգոստոսի 11-ի հետ։ Ու մինչև Քրիստոսի ծնունդը հայերը Նոր Տարին տոնում էին օգոստոսի 11-ին, հրեաները` ապրիլի 1-ին, արևելյան ժողովուրդները` տարբեր ժամանակահատվածներում։ Քրիստոսի ծննդից հետո ժողովուրդները միահամուռ որոշեցին, որ Նոր Տարին տոնեն Հիսուսի ծննդյան հետ միաժամանակ, և հունվարի 1-ն էլ համարվեց հենց նոր տարվա, նոր կյանքի ու դարաշրջանի սկիզբ։ Իսկ թե ինչու եկեղեցական հայրերը որոշեցին նոր տարվա սկիզբը տոնել հունվարին, որը ձմռանն էր, ապա դրա մեջ էլ հատուկ խորհուրդ կա։ Ձմռանը բնության մեջ ամեն ինչ մեռնում է, և երկիրը դադարում է ծննդից։ Այդպես էլ մեղքով մեռած հոգիները պաղում են Աստծո սիրուց։ Քրիստոնյա Հայրերն էլ տարվա սկիզբը ձմռանը դրեցին, որպեսզի մենք ապաշխարենք մեր մեղքերից։ Ձմեռը նաև մեզ հուշում է մեր ելքը այս կյանքից, սակայն քանի որ այն իր մեջ նաև ապագա հարության խորհուրդն ունի, ապա մեզ նաև հիշեցնում է հավիտենական կյանքի մասին։ Ուստի պետք չէ հոգալ միայն անցողիկ կյանքի, նյութական իրերի համար, այլ նաև խորհել հոգևորի և հավիտենականի մասին: Իսկ եկեղեցին, սկսած դեկտեմբերի 30-ից մինչև Սուրբ Ծնունդ, պահքի շրջանում է։ Իհարկե, մենք չենք ստիպում մարդկանց խստորեն հետևել պահքին, սակայն նախընտրելի է չծանրաբեռնվել տարատեսակ կերակուրներով, այլ առավել հոգևոր ճշմարտությունների վրա խորհել։ Իհարկե, Նոր Տարին հրաշալի տոն է իր քրիստոնեական գաղափարներով, բարությամբ։ Յուրաքանչյուր ընտանիքում էլ ամանորյա սպասված Ձմեռ պապի իրական նախատիպն էլ 4-րդ դարի նշանավոր սուրբ հայրապետն է՝ Սանտա (սուրբ) Կլաուսը (Նիկողայոս)։ Ամանորյա տոնածառն էլ խորհրդանշում է դրախտի կյանքի ծառը, իսկ աստղը՝ Բեթղեհեմի աստղի մասին է հիշեցնում, որն ուղեկցեց մոգերին դեպի Քրիստոսի մսուրը (Մատթ. 2։2), այսինքն` տոնածառը Սուրբծննդյան ծառն է։ Պարզապես խորհրդային իշխանության ժամանակ տոնածառ սկսեցին դնել Ամանորին՝ աստիճանաբար մոռացնել տալով բուն խորհուրդը։ Նոր տարվա հետ կապված հետաքրքիր խորհուրդներ շատ կան, բայց առավել պետք է հենվենք Սուրբծննդյան տոնակատարություններին և Նոր Տարին դիմավորենք մաքուր սրտով, իրար ներելով ու լավ հարաբերություններով։
-Ամանորյա տոներին որոշ մարդիկ հավատում են սնահավատությունների, աստղագուշակությունների, առասպելների, անհեթեթությունների, որոնք երբեմն զուրկ են բանականությունից և ունեն կործանարար հետևանքներ։ Ի՞նչ խորհուրդ կտայիք մեր ազգաբնակչությանը։
-Իհարկե, դրանք քրիստոնեության հետ կապ չունեն, և խորհուրդ կտայի, որ մարդիկ հեռու լինեն սնահավատություններից, գուշակություններից ու առավել հոգևոր ընթացք ունենան։ Հաճախ մարդիկ ակնկալիքներ են ունենում Նոր Տարուց, բայց մենք պետք է Աստծուն ապավինենք, որ խաղաղություն ու ապաշխարություն լինի, և մեր սպասելիքները կապենք ոչ թե տարվա, այլ Աստծո հետ։ Պետք է ազատ լինենք սին գաղափարներից և ծառա չդառնանք դրանց։ Իսկ յուրաքանչյուր տարվա վերջում հաշվետու լինենք նախ ինքներս մեզ՝ մեր ապրած կյանքի, ընթացքի, արածի ու չարածի, թերությունների համար, որպեսզի մեր սխալները շտկելով, հավատքով ու քրիստոնեական ճշմարտություններով զինված առաջանանք։
-Տեր Հայր, անդրադառնանք նաև Սուրբ Ծննդին նախորդող եկեղեցական կարգերին ու տոնական ծեսերին։
-Մինչև դեկտեմբերի 30-ը մենք տոնում ենք եկեղեցական ավագ տոներ՝ նվիրված հավատքի նախավկաներին, որոնց բարեխոսությամբ էլ պատրաստվում ենք դիմավորել գալիք տարին, իսկ հետո սկսվում է մեկշաբաթյա պահքը։ Դեկտեմբերի 31-ին, երեկոյան ժամը 12.00-ին բոլոր եկեղեցիներում կատարվում են երեկոյան հանգստյան ժամերգություններ, այնուհետև աղոթքով դիմավորում Նոր Տարին։ Վերջին տարիներին արդեն ավանդույթ է դարձել Նոր Տարին հավատացյալներով դիմավորել եկեղեցում և կատարել նռան օրհնության կարգ։ Նուռը մեզ համար միաբանության, սիրո, եկեղեցու խորհուրդն ունի, որ մեր ժողովուրդը նռան հատիկների պես միաբանված լինի։ Հունվարի 1-ին մատուցվում է առաջին պատարագը, և չնայած պահոց օր է, բայց տրվում է Սուրբ հաղորդություն։ Հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի պատարագն է մատուցվում, իսկ հունվարի 6-13-ը Սուրբծննդյան տոնակատարություններ են, և այդ օրերին ծննդյան ավետիսով կատարվում են տնօրհնության կարգեր։
-Հաճախ Ամանորի ու Սուրբծննդյան տոները վերածվում են որկրամոլության, ցուցամոլության, անհիմն ունայնությունների օրեր՝ մոռանալով տոները քրիստոնեաբար անցկացնելու ճշմարտության մասին։ Շատերը ահագին գումարներ են ծախսում իրենց սեղանները ճոխ ու գեղեցիկ դարձնելու համար, ինչը երբեմն մրցակցության է հասնում։
-Ինչպես նշեցինք, եկեղեցին այդ ժամանակահատվածը պահքով է սկսում, և անիմաստ մրցակցությունը կերակրատեսակների առումով հալումաշ են անում մարդկանց։ Նախընտրելի է հոգևոր մոտեցումը և ուրախանալ կարելի է նաև առանց շռայլության։ Պետք չէ ծանրաբեռնվել ավելորդ հոգսերով, ջանքերով, նեղություններ կրել, ավելորդ գումար վատնել, կարևոր բաները թողնելով` ընկնել երկրորդականի հետևից։ Նոր տարվան պետք է հոգևոր առումով նայենք, հետաքրքիր խորհուրդներին տեղեկանանք և մեր ուրախությունն էլ ավելի կրկնապատկենք Սուրբծննդյան տոնակատարություններին։ Շատ սխալ երևույթ է պարտքով սեղաններ բացելն ու մարդկանց զարմացնելը, սեղանին պետք է դնել այն, ինչն ի վիճակի ենք։ Կարևորն առանց չարության, նախանձի և խաղաղությամբ ու մաքուր սրտով Սուրբծննդյան տոնները դիմավորելն է։ Ուրախանալը լավ է, բայց պետք է կարևոր բաներով ուրախանալ և ձերբազատվել անիմաստ հոգսերից ու շռայլություններից։
Եկեք իմաստությամբ մոտենանք ամեն հարցի և այս տոնական օրերին էլ առաջնորդվենք աստվածաշնչյան ու մեր եկեղեցու հայրերի ուղղամիտ մեկնաբանություններով, խորհուրդներով։ Յուրաքանչյուրս պետք է մաքրագործված, նորովի քայլենք նոր 2020 թվականին։ Մաղթում եմ, որ մեր ժողովուրդն ուղղվի, ապաշխարի, հոգևոր ընթացք ունենա և ճանաչի կյանքի կարևոր արժեքները։ Հավատքով ու միաբանությամբ էլ մենք կհաղթահարենք ամեն մի դժվարություն, ամեն մի փորձություն։ Աստված օրհնի բոլորիս և գալիք տարում էլ մեզ պարգևի խաղաղություն, բարգավաճում ամեն բնագավառում։