ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՊԱՐԳԵՎ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի արցախցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Թող այս գալիք տարին մեզ խաղաղություն բերի։
Նոր Տարին մենք առհասարակ սկսում ենք Սուրբ Ծննդյան տոնով՝ ամենամեծ խաղաղության տոնով, ինչպես դա ավետեցին երկնային հրեշտակներն իրենց երգեցողությամբ Մանուկ Հիսուսի Ծննդյան օրը Մսուրի մեջ, ուր ներկա էին երեք հովիվներ։
Մինչ այդ Բուն Արևելքից երեք իմաստուններ եկան և երկրպագեցին Նորածնին, որպես խաղաղության Թագավորի։
Իրոք Աստծո Որդին՝ ինքն Աստված և մեր Արարիչը ստիպված եղավ մարդանալ, մարդկային կերպարանք ստանալ։ Հավիտենականը և Անսահմանը սահմանափակվեց մարդու սահմանափակ էության մեջ։
Աստված դա արեց սիրուց ելնելով, քանզի սիրում է իր մարդ արարածին, որպես արարչագործության թագ ու պսակի։
Խաղաղություն ու սեր բերեց աշխարհին։
Ազդարարեց, որ մոտ է Աստծո արքայությունը, պատվիրեց սիրել միմյանց և նույնիսկ աղոթել վասն թշնամյաց, որպեսզի նրանք էլ դարձի գան և արժանանան փրկությանը։
Տերն ասաց մեզ, որ Ինքը տալիս է մեզ Իր խաղաղությունը, ոչ այն խաղաղությունը, որ տալիս է այս աշխարհը, որն էլ Տիրոջ խոսքի համաձայն՝ թաթախված է չարի մեջ։
Բայց պատվիրեց մեզ նաև ծայրահեղ պայմաններում վաճառել վերջին շապիկը և սուր գնել, որպեսզի կարող լինենք կասեցնել չարի առաջխաղացումը և պարտադրել միայն ու միայն խաղաղություն։ Այդ էլ մենք իրականացրեցինք 90-ական թվականներին և 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ՝ ինչն էլ այսօր մեր քաջարի զինվորները պատվով կատարում են առաջնագծում։
Սիրելի արցախցիներ, այս տարի մենք ազգովի պիտի ընտրենք Ազգային ժողով և Հանրապետության նախագահ։
Բոլորիդ կոչ եմ անում ակտիվ մասնակցել այդ կարևոր իրադարձությանը և սիրո ու համերաշխության մթնոլորտում անց կացնել թափանցիկ և ժողովրդավար ընտրություն հանուն մեր ապագայի և միասնաբար աղոթենք, որ մեր ընտրյալները և ապագա նախագահը կարող լինեն լավագույնս ղեկավարեն մեր երկիրը և մեր իղձերը կյանքի կոչեն։
Եվ թող Նորածին Մանուկ Հիսուսի՝ Խաղաղության Թագավորի Աջը լինի իրենց և մեր բոլորիս վրա։
Եվ այս բարի Ավետիսը պիտի տարածենք մեր բոլոր հարազատներին՝ ասելով«ձեզ և մեզ մեծ Ավետիս՝ Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ՛՛։
Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի վասն
խաղաղության ու փրկության։ Ամեն։