ՃԱՊԿՈՒՏ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑԻՆ
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր
Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի երբեմնի Քաշունիք (Մյուս Բաղք) գավառը, ըստ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, ունեցել է 52 բնակավայր՝ հավանաբար Նակորզան կենտրոնով։ ՙՍյունիքի պատմություն՚ գրքի ՙՍյունիքի տասներկու գավառների՝ եկեղեցու(խոսքը վերաբերում է Տաթևի վանքին) հարկացուցակը ըստ հին սահմանվածի՚ (ՀԴ) գլխում նշված է, որ ամենաշատ հարկ՝ 20 դահեկան, վճարել է Նակորզան բնակավայրը։ 12 գյուղ վճարել է 12 դահեկան հարկ, մնացածը՝ ավելի քիչ։
Այս բնակավայրերի մի մասը 18-20-րդ դարերի ընթացքում հայաթափ եղավ, բնակեցվեցին մուսուլմանական ցեղերով ու կորցրեցին հայկական անունները։ Խորհրդային տարիներին տարածքը բռնակցվեց Ադրբեջանի Ղուբաթլուի շրջանին։ Գորիս-Կապան մայրուղու մոտ 30 կմ հատվածի ձախակողմյան անտառապատ սարալանջերում, մայրուղուց մոտ 5 կմ արևելք գտնվում է պատմական Քաշունիք գավառի Ճապկուտ գյուղը, որը 12 դահեկան հարկաչափով է նշվում Ստ. Օրբելյանի գրքում։ Սա նշանակում է, որ ճապկուտը եղել է շեն և մեծ գյուղ։ Ազատագրվել է 1993թ. աշնանը։ Ինչպես շատ պատմական բնակավայրեր, Ճապկուտն ունեցել է եկեղեցի, որը կիսաքանդ վիճակում դեռևս կանգուն է։ Գյուղի միանավ թաղակապ եկեղեցին կառուցված է կրաշաղախով և անմշակ քարով. գտնվում է բնակավայրի կենտրոնում (ծովի մակերևույթից մոտ 1400 մ բարձրության վրա): 17-րդ դարի սրբավայրն ունի 13,7x8,20մ արտաքին չափեր։ Միակ մուտքը, որն ունի մոտ 80սմ բարձրություն և 50սմ լայնություն, հարավային կողմից է, բարավորը շատ գեղեցիկ զարդախաչերով տապանաքար է(155x73x40սմ)։ Ներսի կողմից ագուցված պատերի մեջ դարձյալ տապանաքար է։ Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տեղեկության՝ ինքը տապանաքարի վրա ընթերցել է Թ(ՎԻՆ) ՌՂ(1641թ.)։ Հավանաբար եկեղեցու կառուցման տարեթիվն է։ Իսկ եթե խաչքարի տարեթիվն է, միևնույն է՝ եկեղեցու ոճական առանձնահատկությունը թույլ է տալիս ենթադրել, որ այն կառուցվել է 17-րդ դարում։ Միայն այսօրվա Քաշաթաղի շրջանում պահպանվել է մոտ 2 տասնյակ նման սրբավայր՝ կանգուն կամ կիսավեր։ Շատերի վրա կան արձանագրություններ, և գրեթե բոլորն էլ կառուցվել են 17-րդ դարում։ Սուրբ խորանի ձախ կողմում, կիսաքանդ վիճակում, պահպանվել է մկրտության ավազանը, բայց չկա ավանդատուն։ Միակ ավանդատունը հարավային կողմում է, որի մուտքի բարավորին խաչեր կան քանդակված, սակայն մի մասը կոտրված է։ Պատուհանի վերին մասում մի գեղեցիկ խաչքար է ագուցված, իսկ դեղնավուն մեկ այլ խաչքարի կտոր էլ՝ պատուհանի պատի մեջ։ Սուրբ Խորանը(արևելյան պատը) և արևմտյան պատն ամբողջությամբ ավերված են։ Սուրբ խորանի աջակողմյան մասում ևս մեկ խաչքար կա՝ որպես անկյունաքար։ Խաչքարերն ունեն 15-16-րդ դարերի ոճական առանձնահատկություն։ Սա խոսում է այն մասին, որ տարածքում ավելի վաղ շրջանում հանգստարան է եղել, և եկեղեցու շինարարները շիրմաքարերն օգտագործել են որպես բարավոր ու անկյունաքար։ Տապանաքարեր են նաև մուտքի հենարանները։ Դրսի կարմրավուն հենաքարի վրա հավերժության նշան է քանդակված։ Դրա դիմացի հենաքարին 2 խաչեր են, իսկ ներս ընկածը մարդու քանդակով տապանաքար է։ Դրսի բարավորն արվեստի գործ է. ունի 3 շատ գեղեցիկ քանդակված խաչեր, որոնցից կենտրոնականի ներքին մասում թռչնի գլուխ է քանդակված։ Բացի մեծ խաչերից, կարմրավուն քարին կան ևս 7 փոքր խաչեր։ Եկեղեցին հարավային պատի վրա ունի 2 փոքր պատուհան, որոնցից ձախակողմյանի բարավորն ու պատերը նույնպես խաչքարեր են։ Գերության տարիներին քրդաթրքերը շինությունն օգտագործել են հավանաբար որպես մարագ, և այդ է պատճառը, որ պահպանվել է։