ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՆ ԷՋՄԻԱԾՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԿՏԱՎԸ
Ճապոնացի մասնագետները ավարտել են Էջմիածնի հնագիտական կտորների վերականգնման վրա տարվող աշխատանքները։
Ինչպես հայտնի է, ճապոնացի ռեստավրատորները Հայաստան են ժամանել 4 տարի առաջ։ Ծագող արևի երկրի մասնագետների երկարատև գործուղումը կապված է հայ-ճապոնական համատեղ նախագծի հետ։ Բոլոր այս տարիներին փորձագետները սեմինարներ են անցկացրել հայ ռեստավրատորների համար, ովքեր զբաղվում են Հայաստանի տարբեր թանգարաններում և, մասնավորապես, Էջմիածնում պահվող կտորից իրերի վերականգնմամբ։
Այդ սեմինարների շնորհիվ հնագիտական տեքստիլի վերականգնման հմտություններ ձեռք բերեցին 20 հայ մասնագետներ։ Հայ գործընկերները ճապոնացի վարպետներից սովորել են հնագիտական տեքստիլի ուսումնասիրության ժամանակակից տեխնիկաները, նյութի գրանցումը, պեղումների արդյունքում տվյալների արդյունքների վերլուծություն։ Առանձին դասընթացով ուսումնասիրել են աշխատանքների ոչ պակաս մի փուլ ևս՝ հնագիտական կտորների լվացում, չորացում ու պահեստավորում, որը պետք է շատ գրագետ կատարել՝ չկորցնելով նախնական հումքը։
Ճապոնացի վերականգնող Միե Իշին դասընթացավարն է։ Նա նշել է, որ Հայաստանում գտնվելու 4 տարիների ընթացքում ուսանողները ուսումնասիրել և մշակել են նաև բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կտորների վերականգնման նոր սխեմաներ։ Ի դեպ, հայ գործընկերների հետ համատեղ տարված աշխատանքների արդյունքում վերականգնվել է 15-րդ դարի խաչվառը, որը 2018թ. սեպտեմբերին ցուցադրվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում ՙՀայաստան՚ ցուցահանդեսի ժամանակ։
ՙԷջմիածնի հնագիտական տեքստիլը համաշխարհային ժառանգություն է, իսկ օգնել վերականգնել ու պահեստավորել համաշխարհային ժառանգության նմուշները՝ նշանակում է՝ պահպանել համամարդկային սեփականությունը՚,- շեշտում է Միե Իշին։
Ճապոնացի մասնագետն իր հիացմունքն է հայտնել Էջմիածնի թանգարաններում պահվող մետաքսյա ու այլ կտորների հանդեպ, որոնք ասեղնագործության տարրեր են պարունակում, լրացված են թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով։
Այս փուլում հայ և ճապոնացի վերականգնողների համագործակցությունն ավարտվում է։ Վերջերս Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան եղել է Էջմիածնում, հանդիպել է արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանի և Էջմիածնի թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ։ Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպման արդյունքներով՝ հայ-ճապոնական հետագա մշակութային համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել։