ՌՈՍՏՈՎԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԿԱՌՈՒՅՑԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ 227 ՏԱՐԵԿԱՆ Է
Նոյեմբերի 27-ին լրացել է ներկայիս Դոնի Ռոստովի սահմաններում պահպանված հնագույն կառույցի` հայկական Սուրբ Խաչ վանքի օծման 227 տարին։ Եկեղեցու առաջին քարը դրել են 1783թ., շինարարությունը շարունակվել է վեց տարի։
Սուրբ Խաչ տղամարդկանց համար նախատեսված վանքը և համանուն եկեղեցին հիմնել են Ղրիմից գաղթած հայերը։ Եկեղեցու հիմնադիրներն իրենց հետ բերել են գլխավոր սրբությունը՝ Սուրբ Խաչ խաչքարը։ Քարե կոթողը ստեղծվել է մոտավորապես 6-րդ դարում, Հայկական թագավորության Անի մայրաքաղաքում։
Եկեղեցին կառուցել են ճարտարապետ Իվան Ստարովի նախագծով, որը ստեղծել է Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատը և Ալեքսանդ Նևսկի վանքի Սուրբ Երրորդություն տաճարը։ Բայց` ինչ տեսք ուներ Սուրբ Խաչն այդ տարիներին, ստույգ հայտնի չէ, քանի որ շենքը բազմիցս վերակառուցվել է։
Վանքը գոյություն է ունեցել մինչև 1920-ական թվականները։ Այնուհետև խորհրդային իշխանությունը որոշեց նրա շինությունները հանձնել խորհտնտեսությանը, դրանք օգտագործում էին որպես հացահատիկի շտեմարան։ Զանգակատունը և քահանայատունն ավերվել են։
Եկեղեցին սկսել են վերականգնել 1968թ., իսկ աշխատանքներն ավարտելուց հետո եկեղեցու շենքում բացվեց ռուս-հայկական բարեկամության թանգարան։ Այստեղ նորից սկսել են ժամերգություններ անցկացնել 2000թ., իսկ 2007թ. թանգարանը տեղափոխվեց Ազատության հրապարակի վրա գտնվող Իսկիդարովի տուն (Հայրապետովների առանձնատուն)։ Վանքի գլխավոր սրբությունը նախկինի պես շարունակում է մնալ Սուրբ Խաչ անունը կրող խաչքարը։ Խաչքարի վրա ոչ մի գրություն չկա, բայց նրա վերևի մասում պատկերված է հավերժություն խորհրդանշող արև, իսկ վարդաքանդակի տակ` քրիստոնեության խորհրդանիշ համարվող մեծ խաչ։ Եկեղեցու տարածքում են թաղված հայ բանաստեղծներ ու գրողներ Հարություն Ալամդարյանը, Միքայել Նալբանդյանը և Ռաֆայել Պատկանյանը։
www.rusarminfo.ru