ՄՏԱՀՈԳ՝ ՀԱՅՈՑ ՍՐԲԱՏԱՆ ՎԻՃԱԿՈՎ
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր
Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո-Ծիծեռնավանուց գետի հովտի միջին և վերին մասերում պահպանվել են տասնյակից ավելի հայոց հնադարյան եկեղեցիներ։ Մի մասը համեմատաբար բարվոք վիճակում, մի մասը՝ վտանգված։ Գետից 2 կմ արևելք՝ ձախափնյա լանջերին՝ ծովի մակերեսից մոտ 1450 մ բարձրության վրա գտնվում է հայոց ճարտարապետության բացառիկ հորինվածքով եկեղեցին՝ կառուցված 9-11-րդ դարերում։
Մի հարթության վրա է միջնադարում գոյություն ունեցել շեն ու ծաղկուն հայոց Վարազգոմ գյուղը՝ իր զարմանահրաշ վանքով։ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճ-Քաշաթաղ գավառի այս հատվածը հայաթափ եղավ 18-րդ դարակեսին։ 20-րդ դարասկզբին քրդերի կողմից գյուղը կոչվել է Վարազղան, իսկ քարտեզներում՝ Վարազգուն։ Եկեղեցին գտնվում է հարթությունից փոքր-ինչ անջատված հրվանդանի վրա՝ դիմացը՝ ժայռեր, որոնց մեջ կան մի քանի բնակելի քարանձավներ՝ 4x5 մ չափերով, 2-2,3մ բարձրությամբ։ Որոշները գտնվում են բարձր դիրքում, և դրանց մեջ բարձրացել են պարանների օգնությամբ։ Ավելի վերևից հոսող գետակը ժամանակին բնակավայրն ապահովել է ջրով։ Եկեղեցուց արևելք և հյուսիս կան տների ավերակներ, որոնցից երկոսի պատերը պահպանվել են, ունեն մոտ 1,5 մ և ավելի լայնություն։ Կառուցված են հմուտ վարպետների ձեռքով։ 10,5x10մ արտաքին չափերով ու մոտ 10 մ բարձրություն ունեցող խաչաձև-գմբեթավոր, երկխորան եկեղեցին/խորաններից մեկը հյուսիսային, մյուսը արևելյան մասում են/, կառուցված է կոփածո սրբատաշ քարով ու կրաշաղախով(պատերի հաստությունը՝ 95 սմ). ներսի կողմից պատերը սվաղված են։ Գմբեթի թմբուկը դրսից և ներսից կլորավուն է, 4 որմնասյուների և գմբեթի միացման տեղերում մարդկային կերպարներ՝ 4 ավետարանիչներն են քանդակված։ Ըստ Սամվել Կարապետյանի՝ նման հորինվածքով եկեղեցի հայ ճարտարապետության մեջ երկրորդը չկա։ Այժմ եկեղեցին գտնվում է վտանգված վիճակում։ Եվ այս հանգամանքը շատ է անհանգստացնում այստեղ այցելողներիս։ Վարազգոմի տարածքը մտնում է Մոշաթաղի գյուղական համայնքի վարչական տարածքում։ Օրերս Մոշաթաղից Հրաչիկ Մաթևոսյանը համայնքի բնակչության անունից նամակով դիմել է ինձ՝ խնդրելով ահազանգել վտանգված լինելու մասին, որ այն յուրաքանչյուր պահի կարող է փլուզվել։ Իհարկե, այս հարցը շատ է քննարկվել։ Միջնադարյան հրաշք-սրբատան մասին տեղյակ են իշխանավորները, հնագետները, պատկան մարմինները։ Վերջերս ՙՇուշի՚ հիմնադրամի (նախագահ՝ Բակուր Կարապետյան) նույնիսկ ֆիլմ են նկարահանել, որով փորձում են բարերարների ուշադրությունը նույնպես սևեռել եկեղեցու վրա։ Հնեաբանները տարիների ընթացքում հաճախ են այցելել տարածք՝ հնագետների, լրագրողների, նույնիսկ օտարերկրացի զբոսաշրջիկների հետ, և միշտ ահազանգել, որ պետք է ինչ-որ միջոցներ ձեռնարկել։ Դարերն ու քոչվորների գերության մեջ մնալը մեծ վնաս են հասցրել սրբատանը։ Թմբուկի հարավային պատը, վեղարը քանդված են։ Արևմտյան կողմից և թմբուկը, և պատը ճաքել են։ Հատկապես վտանգավոր է թմբուկի վիճակը, որը բոլոր կողմերից ճաքեր է տվել, նույնիսկ ուժեղ քամուց կարող ե փլվել։ Արևելյան պատի արտաքին քարերն ամբողջությամբ հանվել են թուրքերի կողմից։ Այս կողմում կա մի փոքր սենյակ, հավանաբար ավանդատուն է, որը մուտք ունի դեպի ներս։ Արևմտյան կողմում կա մուտք՝ վերևում նեղ ու երկարավուն պատուհան։ Այս պատը ավելի ուշ՝ 15-17-րդ դարերում, նորոգվել է։ Հարավային կողմի պատը, որտեղից եղել է հիմնական մուտքը, ամբողջությամբ քանդվել է։ Այսպիսի վիճակում է գտնվում հազարամյա սրբատունը և օգնություն է խնդրում։ Եկեղեցու շուրջ եղել է նաև գերեզմանատուն։ Պահպանված մի քանի խաչքարերը, տապանաքարերը, դրանց բեկորներն այդ են վկայում։ Խորհրդային տարիներին տարածքում անասնապահական համալիր է գործել։ Գերեզմանոցի շիրմաքարերը, եկեղեցու և հնադարյան տների պատերի քարերը քրդաթրքերն օգտագործել են գոմերը և ոչխարների փարախներ կառուցելու համար։ Տարբեր այցերի ընթացքում ավերակների ու թփերի միջից գտել ենք մի քանի խաչքար ու տապանաքար։ Մի խաչքարի կես մաս/95x65x17 սմ/, որի վրա մեծ խաչ է քանդակված, իսկ ձախ կողմում մարդու պատկեր է, գտնվում է եկեղեցու մոտ՝ հյուսիսային մասում։ Ավերակների մեջ մի գեղաքանդակ խաչքար կա 96x65x20 սմ չափեր, կողքին տապանաքար՝ 83x49x33 սմ չափերով. վրան մարդապատկեր է քանդակված։ Մեկ այլ գեղեցիկ խաչքար՝ խաղողի ողկյուզների քանդակով է. չափերն են՝ 65x25x16 սմ։ Խաչքարերից մեկը/180-92-21 սմ/, հանեցինք հողի տակից։ Մի մեծ հասարակ խաչ է քնդակված վրան՝ 2 կողմերում մեկական փոքր խաչեր։ Ներքևում նույնպես փոքր խաչեր են քանդակված եղել, սակայն ջարդվել են։ Ամբողջական պահպանված մի քանի տապանաքար ևս գտնվեցին, իսկ բեկորներ՝ շատ, նույնիսկ՝ քարանձավներում։ Հողի, խոտածածկի ու եղինջների տակ հնարավոր է՝ դարձյալ շիրմաքարեր կգտնվեն։ Եկեղեցու հարավարևմտյան կողմում՝ սարալանջի վրա, մոտ 30 մ երկարությամբ պատ է պահպանվել՝ հասնելով բնական ժայռերով ստեղծված մուտքին։ Կարելի է եզրակացնել, որ այստեղով է անցել վանք բարձրացող ճանապարհը։ Պետերբուրգցի գիտակ Ալեքսեյ Բոգոսլավսկին, ով նույնպես իմ ուղեկցությամբ եղել է Վարազգոմում, հիացած է մեր հնադարյան կոթողով։
-Հրաշալի եկեղեցի է, -ասում է նա,-համահունչ է տարածքի գեղեցկությանը։ Չէի պատկերացնում, որ այս սարերի ու անտառի մեջ նման հուշակոթող կտեսնեմ։
Ասում եմ, որ մոտակայքում 10-ից ավելի նման եկեղեցիներ կան։ Կիսավեր վիճակում է նաև գետի աջափնյա հարթության ժայռակերտ բլրակներից մեկի վրա գտնվող Մկնատամի Խաչ եկեղեցի-մատուռը՝ կառուցված 12-րդ դարում։ Այս սրբավայրի նորոգումը համեմատած Վարազգոմի, ավելի հեշտ է։ Մնում է՝ լինեն բարերարներ, որ ցուցաբերեն սրտացավություն Հայոց սրբավայրերի նկատմամբ։ Այն սրբավայրերի, որոնց ազատագրումը կայացավ շատ թանկ գնով՝ հարյուրավոր քաջորդիների արյամբ։ Նույն արյամբ սրբացել են նաև այս տարածքները՝ վերստին հայացած։ Ճանապարհին մտորում եմ. հարկավոր է շուտափույթ որևէ բան ձեռնարկել հատկապես Վարազգոմի եկեղեցին խոնարհումից փրկելու համար։ Ուշացումը կլինի ճակատագրական, և հետագայում այս սրբավայրի մասին կիմանանք միայն լուսանկարներից։