Logo
Print this page

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Ապրիլի 12-ին Հայ Առաքելական Եկեղեցին կտոնի Սուրբ Զատկի տոնը՝ Հիսուս Քրիստոսի Փառավոր Հարությունը։ Նշենք, որ մինչ Զատկական Սուրբ տոնը հավատացյալ ժողովուրդը Մեծ Պահքի մեջ էր, որն  ունի կարևոր խորհուրդ՝ կապված նախևառաջ հոգեւոր կյանքի ներթափանցման, ըմբռնման, ինչպես և մարմնի առողջության հետ։ Ապրիլի 11-ի երեկոյան կմատուցվի Ճրագալույցի պատարագ, որից հետո  կսկսվի Հարության տոնը։

Հարության առեղծվածը կրոնական գլխավոր հարցն է, քանզի հարություն առնել կարող էր միայն Աստված։ Այդ հարցը դարեր շարունակ հուզում է մարդկությանը։ Այն առանցքային է դարձել նաև փիլիսոփայության, մարդկային հայեցակետերով զբաղվող բոլոր գիտությունների համար, իսկ առաջին հերթին՝  հանգիստ չի տալիս անհավատ մարդկության անհավատ մասին։

Մշտական հուզող հարցերից է.  ո՞վ է Աստված։ Նա կարո՞ղ է իմանալի դառնալ մարդ արարածի համար։ Եվ, առհասարակ, նա գոյություն ունի՞։ Աստծո գոյության իսկությունը հետաքրքրում է երևի  բոլորին։  Առանցքային հարց է մնում կյանքի և մահվան սահմանը։ Ոմանք այդ սահմանն անցնում են հանգիստ՝ հույսով եւ հավատով, որ նրանց սպասում է նոր կյանք ու նաև պատասխան՝ ամեն արածի համար եւ ամենագլխավորը՝ նրանց սպասում է Գթասիրտ Արարիչը, որին ճանաչել են իրենց մարդկային կարողությունների սահմաններում։ Որոշներն էլ անորոշության մեջ են, երբեմն էլ՝ ահ ու սարսափի։ Անհասկանալի ու խորհրդավոր մշուշի մեջ են հեռանում այն մարդիկ, ովքեր իրենց հոգու մեջ անտարբերությամբ մարել են հավատի մասին հարցը, չնայած նրանք ևս լսած կլինեին հոգու հավերժության ու ճակատագրի անխուսափելիության մասին։

Մարդու հոգին ու նրա կառուցվածքը ևս առեծվածային են մարդ արարածի համար։ Հավատքով ապրողների համար Հոգին եւ Աստվածը միասնական են. Աստված Հոգին է բոլոր հոգիների, ամբողջ բնության։

Առաջադեմ փիլիսոփայական միտքը գրեթե նույնկերպ է ընկալում.  ՙՀոգին, որը ճանաչվում է ներըմբռնումով, կազմում է համաշխարհային ընթացքի մի մասը։ Այն մշտապես արարում և ձգտում է արարմանը. ինչպես  ՙԱրարչագործ Ոգին՚  երբեք կանգ չի առնում, այլ մի վիճակը մշտապես փոխում և փոխարինում է մյուսով։ ...Ես համոզված եմ հոգու էությանը և գտնում եմ, որ նրա հավերժությունը հնարավոր է և նույնիսկ՝ հավանական՚ /Բերգսոն/։ Մեկ այլ փիլիսոփա, միաժամանակ գրականագետ, մահը ընկալում է որպես կյանքի այլ կենսեկերպ, որը դեռ հասու չէ մեր գիտակցությանը /Մետերլինկ/։ Այսինքն՝  բացասվում է մահի գաղափարն այն տեսքով, ինչպիսին ընկալում է մարդկության մեծամասնությունը։ Ուշագրավ է, որ Հարության փաստը կյանքի վերջում ընդունել է մի մարդ, որը մինչ այդ պայքարում էր Աստծո դեմ։ Այդ մարդը Ֆ. Էնգելսն է. ՙԿապադոկիայի նոր հայտնագործությունները, որոնք համոզիչ են անգամ սկեպտիկների համար, խոսում են պատմության ամենամեծ հրաշքի օգտին՝ Նրա կենդանացմանը՚։

Հիսուսի Հարության մասին Աստվածաշնչում եւ Աստվածաբանության մեջ կա 500 վկայություն։  Սակայն այն ժամանակ ևս շատերը չէին հավատում Հարության գաղափարին։ Նրանց թվում էր նաև հույն Հերմիդիոսը, որն այն ժամանակ Հուդաստանի կառավարչի պաշտոնական կենսագիրն էր եւ  որը Հիսուսին խաբեբա էր համարում։ Այդ իսկ պատճառով նրա վկայությունը ամենահամոզիչներից է։  Նա գնացել էր գիշերելու Քրիստոսի գերեզմանոցի մոտ, որպեսզի ապացուցի իր իսկ ճշմարտությունը և ակամա դարձել  Հիսուսի Հարության հրաշագործի կարևոր վկաներից մեկը։ Ակամա դրա մասին է վկայել նաև Պիլատոսի անձնական բժիշկ Յեյշուն, որին Հիսուսի գերեզմանի մոտ է ուղարկել Պիլատոսը, որպեսզի նա ականատես լինի հակառակ փաստին, բայց Աստծո ճանապարհները անքննելի են, և նա դարձավ Հիսուսի Հարության վկան։

Մեր օրերում Հարության համոզիչ վկա է հանդիսանում Տուրինի դիաթաղման կտավը, որի մեջ էր փաթաթված Հիսուսը՝ Գողգոթայից հանելու ժամանակ։ իտության զարգացման հետ հնարավոր է դարձել գիտահետազոտել այդ կտավը, որն այնպիսի բացահայտությունների է հանգեցրել ու զարմացրել գիտնականներին, որ նրանց մի մասն անբողջությամբ ընդունել է Հարության հրաշքը։ Մյուս մասը կասկածների մեջ է։ Մինչ օրս գիտությունը չի կարող ոչ ապացուցել, ոչ էլ ժխտել, ինչի պատճառով վերջնական եզրահանգումը թողնվել է հետագային։

Մյուս հրաշքը, որը գործում է մինչ այսօր,  Երուսաղեմի Հարության տաճարում ամենամյա Օրհնված կրակն է, որն ի հայտ է գալիս միայն Զատկի օրը՝ առանց վառելիքի, միայն Պատրիարքի աղոթքով։ Ասենք, որ այդ կրակը սկզբնական փուլում չի ունենում իրեն բնորոշ հատկությունները՝ նա երկնագույն գնդիկներով է վառվում, մարդիկ լվացվում են այդ կրակով՝ առանց այրվելու, քիչ անց այն ընդունում է իր սովորական տեսքը և հատկությունները։ Ըստ Աստվածաշնչի, կգա ժամանակ, երբ Զատկին աղոթքով կրակը չվառվի, ինչը աշխարհի վերջի մասին նախանշան կլինի։

Թեկուզև մարդկության մեծ մասը, ինչպես նաև  գիտությունը փորձում են գիտակցությամբ ընկալել Աստծուն և միայն հետո հավատալ, սակայն մոռացվում է, որ Ստեղծողը՝ Արարիչը, միշտ ավելին է, քան ստեղծածը, ուրեմն ամբողջությամբ չի կարող ընկալվել, հասկացվել մարդ արարածի կողմից։ Դա հաջողվել է շատ քչերին, այն էլ՝ շնորհիվ հավատքի և անսահման սիրո առ Աստված։

Հիսուսն Իր մահով և Հարությունով ցույց տվեց, որ մահվամբ հոգու գոյությունը չի ավարտվում.  այն գոյատևում է մի այլ իրողության մեջ, որը սովորական մարդը չի տեսնում /նա չի տեսնում շատ բաներ, բայց  դրանք չեն դադարում տեղի ունենալ/։ Հիսուսը ցույց տվեց հոգու հավերժությունը՝ ձերբազատելով հավատացյալներին մահվան սարսափից, ցույց տալով յուրաքանչյուր մարդու  փրկության ճանապարհը։

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.