Logo
Print this page

Արցախ թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հարցազրույցը Ազատ Արցախ թերթին

ԱԱ

 -Դուք նոր հայտարարել էիք, որ Արցախյան հարցը ոչ կրոնական է, ոչ քաղաքական…

-Հիմնական կռիվը մարդու իրավունքների պայքարի համար է: 20-ական թվականներից ոտնահարված էր Արցախի ժողովուրդը, որը չի ցանկանում ապրել գերության նման պայմաններում:

-Ներառյալ կյանքի իրավունքի համար…

-Այս ամբողջ պատերազմի ժամանակ տեսանք, որ նրանք չեն թողնում, որ մենք ապրենք: Անընդհատ սպառնում էին, շարունակելով Բաքվի, Սումգաիթի ցեղասպանությունը: Մարտի դաշտում էլ, բարեբախտաբար բանակ ունենք, որը պաշտպանում է մեր կյանքը, թույլ չտալով, որ  մեզ կրկին ցեղասպանության ենթարկեն:

-Սրբազան Հայր, այս պատերազմին նաև Թուրքիան է խառնված: Ձեր կարծիքն ու վերաբերմունքը այս հանգամանքի վերաբերյալ:

-Անկեղծ ասած ես մի բան գիտեմ, որ Էրդողանը տառապում է նեոօսմանիզմով. Նա մեծ ախորժակ ունի՝ հյուսիսային Աֆրիկայից մինչև Չինաստանի սահմանը, մեծ պանթուրանիզմի երազանք ունի: ԵՍ նաև կարծում եմ, որ նա ցանկանում է Կովկասում Ռուսաստանի դեմ ռևանշ անել, որովհետև Սիրիայում Ռուսաստանը որոշ հարցերում սահմանափակեց իրեն, Բելառուսիան մի քիչ խառնված է, լավ պահ գտավ իրենց ռազմական մարզումներից հետո, Վրաստանում մեծ ազդեցություն ունի, դե Ադրբեջանն էլ իրենն է, մնում է Հայաստանի հարցը լուծի, Կովկասից Ռուսաստանից հանելու համար: Եվ Միջին Ասիայով հասնի մինչև Ույգուրներ:

-Արցախում և Մայր Հայրենիքում այս օրերին շրջանառվում է ՛՛Հաղթելու ենք՛՛ կարգախոսը: Ի՞նչ անելիք ունենք յուրաքանչյուրս այդ հարցում:

-Առաջինը՝ ազգովին պետք է միաբան լինենք և, բարեբախտաբար, մեր ազգն այդպես է. ծայրահեղ պայմաններում միշտ միաբանվում է: Համազգային աղոթք է պետք՝ ամեն օր՝ Արցախի խաղաղության համար և ամեն ինչ պետք է անենք զորացնելու համար մեր բանակը, մեր երիտասարդներին, որոնք մեր անվտանգության. Խաղաղության և ապրելու իրավունքի երաշխավորներն են:

-Ամեն մեկը պետք է լինի իր տեղում…

-Սառնասիրտ ամեն մեկը պիտի իր գործն անի. բժիշկը՝ բժշկի, մատակարարողը՝ սնունդ մատակարարի, զինվորը՝ կռվի,հոգևորականը՝ գոտեպնդի, մխիթարի, քարոզի, աղոթի:

-Իսկ Սփյուռքն ինչո՞վ կարող է օգտակար լինել:

-Ինքն էլ գիտին ինչով օգնի.բարոյապես, քաղաքական, նյութական առումով: Դա նորություն չէ Սփյուռքի համար:

- Սրբազան Հայր, իսկ, եթե համեմատականներ անցկացնենք նախորդ պատերազմների հետ, որոնք են հայ զինվորի ոգու առանձնահատկությունները:

-Առանձնահատկությունն այն է, որ Թուրքիան ամեն ինչով աջակցում է Ադրբեջանին, ռազմամթերքով, մասնագետներով, անօդաչու սարքեր, որոնք իրենք են կառավարում, ռազմական փորձով թելադրում են, թե ադրբեջանի սպաները ինչ և ինչպես անեն: Զինատեսակներն են ընդլայնվել, նույնիսկ ՆԱՏՕՅԻ F-16 ինքնաթիռներ են գործում, որն իմիջիայլոց արգելված է, ոչ ՆԱՏՕ-ի երկրի մեջ ՆԱՏՕՅԻ ինքնաթիռը իրավունք չունի գտնվելու, առավել ևս ռազմական գործողությունների ժամանակ: Նախորդ պատերազմներից այս մեկն ավելի դաժան բնույթ է կրում, որտեղ այստեղ միայն Արցախի խնդիրը չի դրված: Այստեղ մեծ Գեոպոլիտիկ խաղեր են գնում:

-Եվ կրկին մեր առջև հառնել է լինելիության խնդիրը:

-Իհարկե:Նոր ցեղասպան ծրագիր են փորձում իրականացնել, որի համար Թուրքիային ամբողջ աշխարհը չդատապարտեց:

-Իսկ հայ զինվորի հոգու մասին ի՞նչ կասեք:

-Աստված օրհնի մեր զինվորներին:Շատ խիզախ տղաներ են, նվիրյալ, կեցցեն մեր տղաները: Թող Աստված բոլորին ողջ-առողջ պահի:Ամեն օր, ամեն ժամ իրենց համար աղոթում ենք:

- Սրբազան Հայր նաև տեղեկացրել էիք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը կամենում է գալ:

-Այո, կամենում է գալ: Ավելին ասեմ, Արամ կաթողիկոսն էլ է կամենում  գալ:

-Նպատակը…

-Գալ զավակներին տեսնել, գոտեպնդել, ծանոթանալ իրավիճակին, օրհնել զինվորներին ու ժողովրդին:

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.