[ARM]     [RUS]     [ENG]

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱԶԳ ԻՆՔՆ Է ԴԱՐՄԱՆՈՒՄ ԻՐ ՎԵՐՔԵՐԸ…

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 ՙԱ.Ա-ի զրուցակիցն է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի ժամանակավոր պաշտոնակատար, ԶՈՒ հոգևոր առաջնորդ, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը

-Սրբազան հայր, այս դժվարին կացության մեջ, երբ հավատավոր ժողովուրդը պատերազմի հետևանքով հայտնվել է հոգեպես՝ տկար, սոցիալապես՝ ծանր իրավիճակում, ո՞րն է ելքը, ի՞նչ պետք է արվի, որ մարդկանց վերջին հույսն էլ չմարի:

-Յուրաքանչյուր պատերազմ թողնում է իր հետքերն ու վերքերը, չկան մեծ ու փոքր պատերազմներ, կա արհավիրք, որը կոչվում է պատերազմ: Անգամ, եթե տվյալ պետությունը կամ ժողովուրդը հաղթանակ է տարել, միևնույն է, ունի բուժման ենթակա իր վերքերը: Յուրաքանչյուր ազգ ինքն է դարմանում իր վերքերը, յուրաքանչյուր անհատ սփոփում իրեն ու հարազատներին` շտկելով ու ամրացնելով թիկունքը: Վտանգավոր է, երբ երկիրը կամ ժողովուրդը պարտություն են կրում, նման պարագայում հոգեբանական ծանրությունը դժվար տանելի է դառնում, և մեծ ջանքեր է պահանջվում երկրից ու ժողովրդից կործանարար ճանապարհից ետ կանգնելու և արագ ապաքինվելու համար: Առաջին հերթին պիտի դարմանվեն վերքերը, սփոփվեն կորուստ ունեցողները…Երկու կողմերն էլ՝ հաղթանակած, թե պարտված, ունեն իրենց անելիքներն ու պատասխանատվությունը՝ իշխանավորից մինչև զինվոր ու շինական: Անհրաժեշտ է անհապաղ լծվել աշխատանքի՝ անկախ ամեն ինչից, ինչ եղել, վերջացել է, բայց…այստեղ մենք բազմակետեր ենք դնում, որոնց առնչությամբ պիտի մտածենք բոլորս: Եթե մենք կորցրել ենք բնակավայրեր, տարածքներ, այդուամենայնիվ աստվածատուր պարգևը՝ մեզ տրված շնորհը պիտի օգտագործենք` ի բարօրություն մեր ժողովրդի ու նրա ապագայի: Այսօր արդեն մենք պետք է մտածենք վաղվա համար, իսկ վաղը պիտի անենք այնպես, որ մյուս օրվա համար մտածելու պարագային մենք ունենանք հենակետ: Իսկ եթե ձեռքներս ծալենք, հուսախաբվենք և թողնենք ուրիշը մեր ականջին շշնջա, դա մեր կողմից կլինի, մեղմ ասած, ոչ շրջահայաց: Չպիտի թույլ տանք շշնջոց մեր թիկունքին, դա կբերի նոր հուսախաբություն…Մեզ հետ առերես խոսողը պիտի նայի մեր աչքերի մեջ, ասի ողջ ճշմարտությունը և ձեռք մեկնի տղամարդու նման՝օգնելու ու շենացնելու երկիրը: Քաղաքագետները պնդում են, թե չկան մշտական դաշնակիցներ, մենք ունենք միայն մեկ դաշնակից, որը երբեք չի հիասթափեցրել ու չի դավաճանել մեզ, դա մեր Տեր Աստվածն է, որ միշտ հույս է տվել, սեր է տվել, և ասել՝ այդ սերը մի պահիր քո մեջ, փոխանցիր քո ընկերոջն ու հարևանին:Եվ ահա այդ սիրո մասին է, որ պիտի մտածենք, գրկախառնվենք, ինչպես որ գրկախառնվում ենք եկեղեցում՝ Տիրոջ ողջույնը փոխանցելիս: Եվ այս պարագային միայն մենք կկարողանանք կենտրոնացնել մեր ուժերը՝ հանուն Արցախի շինության, շենության ու ապագայի:

-Մենք դարերով կերտել ենք մեր ինքնությունը, բայց չարի աչքը միշտ մեր սահմաններին էր, ծուռ աշխարհում մեր շիտակ ապրելն այդպես էլ գրոշի արժեք չունեցավ…

-Փորձությունները, ցավոք, միշտ կան, ինչպես բնության արհավիրքներն են փորձում՝ թե մենք ամուր ենք կառուցել մեր տունն ըստ Աստվածաշնչի, լեռան, ժայռի վրա ենք կառուցել, թե ավազի…Եթե մեր տունը բնական ժայռի վրա ենք կառուցում, ապա մեր կեցությունը, մեր ապագան, բնական արհավիրքներն էլ ի զորու չեն քանդելու, իսկ եթե այն ավազի վրա է կառուցված և կան բազմակետեր ու հարցականներ, ուրեմն այն կփլվի: Նույն էլ մեր պետականությունն է, մեր հայրենիքն է, մեր դիվանագիտությունն ու բանակն են…Ամեն բան պիտի կառուցված լինի ճշմարտության և աստվածային խոսքին համեմատ: Եթե դուրս ենք դրանից, ուրեմն դուրս ենք ճշմարտությունից: Այս է, որ մեր ժողովուրդը պիտի քաջ գիտակցի, իսկ մեր ժողովուրդն իմաստուն է, համբերատար է, համեստ է և կարող է իր մեջքը ուղղել և քայլել առաջ…Մշակել իր հողը, վաստակել հանապազօրյա հացը և Աստծուն փառք տալով շարունակել ապրել այս հողի վրա՝ օրնիբուն արարելով ու ստեղծագործելով: Արդեն քանի օր է` ես համագործակցում եմ Ռուսաստանից ժամանած խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ և վստահաբար կարող եմ ասել, որ մեր ուխտագնացությունը Դադիվանք / և ոչ միայն Դադիվանք/, լինելու է շարունակական ու բազմամարդ: Պիտի ասեմ, որ գեներալ-լեյտենանտ Ռ. Մուրադովի գլխավորությամբ, խաղաղապահները փայլուն աշխատանք կատարեցին: Այսօր Դադիվանքում կանգնած են մեկ վաշտի ընդգրկմամբ զինվորականներ, որոնք պաշտպանում են մեր վանական համալիրը` ամենօրյա ժամերգությունների ու կիրակնօրյա պատարագի հնարավորություն տալով մեր հոգևորականներին:Մեր հաջորդ ուխտագնացությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին և հավատավոր ժողովուդը կարող է միանալ մեզ: Կարող են վստահ լինել, որ խաղաղապահները գործում են հստակ չափանիշներով, ինքնավստահ իրենց գործին ու առաքելությանը: Նրանք մեծ սեր ու հարգանք ունեն պատմական մեր կոթողների և, ընդհանրապես, մշակութային ժառանգության հանդեպ, ես հիացած եմ նրանց աշխատանքով:Միայն մեկ օրինակ բերեցի, բայց բազում օրինակներ կան` ի հավաստումն իմ ասածի: Նրանց հետ աշխատում ենք նաև Ամարասի, Ծիծեռնավանքի ուղղությամբ: Համապատասխան նամակ եմ հղել հրամանատարությանը Շուշիում մնացած մեր սրբությունները / Դադիի մասունքները և այլն / հնարավորության սահմաններում վերադարձնելու առաջնորդարան:

Ամփոփելով խոսքս` պիտի ասեմ. Թող Տերը օգնական և պահապան լինի հայոց բանակին ու մեր ժողովրդին…Արցախը հարուստ է իր վանքերով, եկեղեցիներով ու սրբություններով և, կարծում եմ, Դադիվանքում /իսկ մոտ ապագայում նաև Ամարասում/ հնչող մեր աղոթքները կցրեն ամեն բացասականը մեր կյանքից, և մեր ժողովրդի վրա կիջնեն աստվածային լույսը և շնորհները…մենք կլծվենք քրտնաջան և աստվածային ծրագրերի կյանքի կոչմանը:Մեր դիվանագետներին իմաստություն եմ ցանկանում, որ վերադարձնեն մեր հայկական սրբոց մասունքները, մեզ համար անչափ թանկ Շուշին ու Հադրութն իր գյուղերով, այլապես մենք կկորցնենք մի մեծ ու բազմաշերտ մշակութային ժառանգություն: