ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔԸ
Պատրաստեց
Սոֆի ԲԱԲԱՅԱՆԸ
Այսօր մեր ժողովրդի մեջ դարձի և ապաշխարության պահանջը խիստ մեծացել է: Ատելությունը, մեղադրանքները, բամբասանք, աններողամտությունը, մեծամտությունն ու նախանձը, շողոքորթությունն ու կեղծավարությունը… դարձել են մարդկային հարաբերությունների ու շփումների հիմնական դրդիչ ուժն ու հումքը:
Հայ առաքելական սուրբ եկեղեցին հրավիրում է իր զավակներին հնգօրյա պահքով խոնարհվել ու ջանասիրությամբ փոխվել դեպի բարին, աստվածայինը, կատարյալը:
Առաջավորաց պահքը, սովորաբար, սկսվում է Ս. Սարգսի տոնին նախորդող երկուշաբթի օրվանից, որը տևում է հինգ օր: Այս տարի պահքը սկսվում է հունվարի 25-ից:
Խոր Վիրապից ելնելուց հետո սուրբ Գրիգոր Լուսավորիչը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին նախքան մկրտելը, 65 օր շարունակ քարոզեց Քրիստոսի վարդապետությունը, որից հետո պատվիրեց 5 օր ապաշխարել պահեցողությամբ:
Այդ օրերին ժողովուրդն արքայի հետ միասին ոչ միայն իրեն զրկեց կերակուրներից, այլև հոգևոր պահեցողությամբ մեծապես զղջաց նախկին հեթանոսական, անբարո կյանքի և բոլոր տեսակ մեղքերի համար:
Այսպես հաստատվեց Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը` Հայ Աոաքելական Եկեղեցու առաջին պահքը (որով և հիմնականում բացատրվում է նրա անունը):
Պետք է նշել, որ հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում (ջրի սակավ գործածությամբ) կամ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներ ու մեղրը, և տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջև` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակը:
Այսօր Առաջավորաց պահքը պահելու կերպը` ծոմ թե սովորական պահք, թողնում են հավատացյալի կամքին։ Առաջավորաց պահքն ընկնում է Մեծ Պահքից 3 և Զատիկի տոնից 10 շաբաթ առաջ։ Առաջավորքը պահում են 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ ներառյալ, իսկ շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը:
Իսկ ինչո՞ւ ենք հենց հինգ օր պահք պահում։ Մեր Եկեղեցու Հայրերը մի քանի բացատրություն են տալիս:
1. Ինչպես արդեն ասվեց, սուրբ Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ ողջ արքունիքը և հայ ժողովուրդն ապաշխարության պահքի մեջ եղան 5 օր:
2.Մարդը հինգ զգայարաններով` տեսողությամբ, լսողությամբ, հոտոտելիքով, ճաշակելիքով և շոշափելիքով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի գղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն և ջանա այլևս չկատարել:
3.Աստված աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում։ Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն և, թեև մինչ այդ արդեն ստեղծել էր կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրաման, սակայն ուտելու հրաման դեռևս չէր տվել։ Այդ հրամանը (Տես` Ծննդ. 1:29-30) մարդուն ու ամբողջ կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո: Ուրեմն աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում։
4.Ըստ Եկեղեցու` այս պահքը սահմանել էին նաև Մովսեսից առաջ եղած նահապետները: Ավանդությունն ասում է, թե դրախտից արտաքսվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրան ընդոօրինակելով` որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը` զոհ մատուցելուց առաջ, կամ Սեթը, երբ իր հայր Ադամը մեռավ։ Ենովքն էլ 5 օր պահք էր պահում ամեն ամսամուտին, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ և այնտեղից ելնելուց հետո։ Աբրահամը, Հակոբը և Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու Հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաև նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերի րնթացքում (երկուշաբթիից մինչև հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ« չեն կարդում եկեղեցում, որովհետև այս պահքը հաստատվեց այն ժամանակ, երբ դեռ չէին գրվել ոչ Հին Կտակարանի, ոչ էլ առավել ևս՝ Նոր Կտակարանի գրքերը:
Առաջավորաց պահքի վերջին ուրբաթ օրը Հովնան մարգարեի հիշատակի օրն է, եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը, որտեղ նույնպես խոսվում է Նինվե քաղաքի պահքի ու ապաշխարության մասին. ՙՆինուէացի մարդիկ հաւատացին Հովնան մարգարեի կողմից հնչված Աստծու պատգամին, ըստ որի Նինվեն մեղքերի պատճառով երեք օրից կկործանվի, պահեցողութիւն յայտարարեցին եւ մեծից մինչեւ փոքրը քուրձ հագան: Լուրը հասաւ նինուէացիների թագաւորին: Սա ելաւ իր գահից, հանեց իր պատմուճանը, քուրձ հագաւ եւ նստեց մոխրի վրայ: Թագաւորի ու նրա մեծամեծների կողմից Նինուէում յայտարարուեց ու ազդարարուեց, թէ մարդ եւ անասուն, հոտ եւ արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն եւ ջուր չխմեն: Եւ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտէ աղօթեցին Աստծուն, բոլորը յետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից եւ անօրէնութիւններից, որ իրենց ձեռքով էր կատարւում, եւ ասացին. ՙՈվ գիտէ, թերեւս Աստուած միտքը փոխի եւ յետ կանգնի իր խիստ բարկութիւնից, եւ կորստի չմատնուենք՚: Եւ Աստուած տեսաւ նրանց գործերը, քանի որ բոլորը յետ էին կանգնել իրենց չար ճանապարհներից. Աստուած զղջաց այն չարիքների համար, որ ասել էր, թէ կանի նրանց. եւ չարեց՚: