Logo
Print this page

ԻՎԱՆՅԱՆ ԱՎԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՄԶԿԻ՞Թ

Էվիկա Բաբայան

Ինչպես  տեղեկացրել  էինք, մարտի 27-ին Իվանյան ավանում տեղադրվեց և օծվեց ուղղափառ խաչ՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու քահանա հայր Բորիսի ձեռամբ։ Օծման արարողությանը ներկա էին ռուս խաղաղապահ ուժերի զինծառայողներ, ՀԱԵ Արցախի թեմի և Արցախի ռուս համայնքից ներկայացուցիչներ։

Իր խոսքում խաղաղապահ հավաքակազմի գեներալ-մայոր  Սերգեյ  Ժմուրինը նշեց, որ շուտով այստեղ կսկսվի ուղղափառ եկեղեցու, զուգահեռ և՝ մզկիթի շինարարությունը։ «Քանի որ խաղաղապահ հավաքակազմը բազմազգ է՝ բաղկացած տարբեր դավանանքի ներկայացուցիչներից, ուստի ուղղափառ եկեղեցու հետ մեկտեղ կկառուցվի նաև մզկիթ»,- իր խոսքը հիմնավորեց գեներալ-մայորը։

Այս լուրը չէր կարող անտարբեր թողնել մեր հասարակությանը։ Գաղտնիք չէ, որ հայերը խիստ հավատավոր ու հանդուրժող ժողովուրդ են, որ նրանք, ուր էլ լինեին՝  հերթական հարկադիր տեղահանումից հետո, նախևառաջ եկեղեցի ու դպրոց էին կառուցում, ուստիև խորը ըմբռնումով մոտեցան ուղղափառ եկեղեցու կառուցման գաղափարին, անգամ ողջունեցին այն և պատրաստ են, յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով, սեփական լուման ունենալ այս գործում։ Բայց մզկիթ․․․․և որտե՞ղ։ Իվանյան ավանո՞ւմ․․․․ Թե՞ սա մեր «բարյացակամ» հարևանի հերթական պատվերն է։ Ուղղափառ եկեղեցի Արցախում չկա, բայց մեր իսկ ձեռքով վերականգնված մզկիթն անվնաս գտնվում է Շուշիում, և մահմեդականություն դավանող խաղաղապահները կարող են, ի տարբերություն մեզ, անարգել հասնել այնտեղ։ 

Եվ երկրորդ, եթե խաղաղապահ հավաքակազմը բազմազգ է, ինչո՞ւ չի կառուցվում, օրինակ, հրեական սինագոգ, կաթոլիկ  կամ բուդդայական տաճար․․․ Այլ հենց մզկիթ, այն էլ՝  Իվանյան ավանում։ Եվ այդ ամենը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից մեր հոգևոր, պատմամշակութային հուշարձանների ավերման, ոչնչացման ու պղծման խորապատկերին։ Օրինակների համար հեռուն գնալ պետք չէ․ ամենաթարմ օրինակներից են Շուշի քաղաքում Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցու ավերումը, Ջրականում հայկական եկեղեցու անհետացումը՝ էլ չենք խոսում Թուրքիայի, Նախիջևանի և հայկական այլ օկուպացված տարածքներում գտնվող մեր մշակութային կոթողների ճակատագրի մասին։

Մի՞թե մեր բազմաչարչար ժողովրդին, որին բոլորովին վերջերս այդքան լկտիորեն խաբեցին, ի վերջո դավաճանեցին, իր խորը վերքերն ապաքինելու և հոգեկան ծանր վիճակից դուրս գալու համար հենց հիմա է պետք մզկիթը, առավել ևս՝ Իվանյան ավանում։ Այս առումով մեր հասարակության վրդովմունքը միանգամայն հասկանալի է․ ինչո՞ւ մեր իշխանությունները չեն արձագանքում։ Ինչո՞ւ է լուռ եկեղեցին։ Մի՞թե սա հերթական մարտահրավերը չէ մեր ազգին։

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.