[ARM]     [RUS]     [ENG]

Ստեփանակերտում տեղի է ունեցել խաչերթ՝ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր

Վան Նովիկով, 

Լուսանկարները՝ Վան Նովիկովի և Իննա Գրիգորյանի

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից այսօր, առաջին անգամ Արցախում տեղի է ունեցել խաչերթ՝ դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր: Խաչերթին նախորդել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված ժամերգությունը: Այնուհետև եկեղեցու զանգերի ղողանջներն ազդարարեցին խաչերթի մեկնարկը:
Հատուկ այդ առթիվ Արցախ է բերվել հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի, որն առաջնորդել է խաչերթը:
Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնոր Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ՝ կատարվել է հոգեհանգստյան պաշտոն և աղոթք՝ Արցախյան պատերազմի նահատակների համար:
Դիմելով խաչերթի մասնակիցներին՝ Արցախի թեմի առաջնորդը համոզմունք հայտնեց, որ ներկայում համախմբող պետք է լինի ինչպես հիշողությունն, այնպես էլ վաղվա օրվա հույսը:
«Ապրելով այս օրերում՝ մեր համախմբվածությամբ, մեր մտքի մեջ պետք է լինի մեկ կարևոր նշանաբան՝ միաբանվել մի գաղափարի շուրջ,որը նպաստում է հայապահպանությանը»,-ասաց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդը:
Խաչերթին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պետական պաշտոնյաններ: