Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՁ Է

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

 Նրա սերունդը կջախջախի օձի գլուխը (Ծննդ. 3:15)

Անառարկելիորեն, բոլորս գիտենք, որ Ամանորը Մարդեղացած Աստծո Որդու Հիսուս Քրիստոսի ծծնդյան օրվա և Աստվածահայտնության ուրախության ավետիսն է, որից էլ ավանդաբար սկիզբ է առնում ամեն մեկ նոր տարին: Գաղտնիք չէ, որ աշխարհի շատ երկներում Ամանորն անվանում են Սուրբ Ծննդյան տոներ: Պատմության մեծագույն իրադարձությունը մարդկության մեծագույն դեմքի Ծնունդն է, երկնքի ու երկրի Արարչի, անժամանակի ու անսահմանի հայտնվելը ժամանակի ու տարածության մեջ, որով ողջ համաշխարհային պատմությունը կիսվում է Հիսուս Քրիստոսի անձի շուրջը՝ նախքան Քրիստոս եւ Քրիստոսից հետո։ Որքան էլ խորհրդային ժամանակներում փորձեցին խեղաթյուրել այս տոների իրական իմաստը,  այնուամենայնիվ այն կրիկին հառել է իր ողջ փառքով՝ շարունակելով մնալ Աստծո Որդու  որպես  մարդու  ծնունդը վկայող, թերևս ամենաբարի ու ուրախ տոներից մեկը:

Իսկ ո՞վ է Հիսուս Քրիստոսը: Որոշ ՛՛ազգայնամոլ՛՛ ծայրահեղականներ, ովքեր դեռևս մնացել են հեթանոսական դարաշրջանի նոստալգիայի մեջ, համարում են, որ նա զուտ հրեա ուսուցիչ էր, աչք  փակելով նույնիսկ այն փաստի վրա, որ հրեական առաջնորդներն ու փարիսեցիներն են նրան խաչը բարձրացրել ու մինչ օրս նրանց համար անընդունելի է  Հիսուսի որպես Աստվածորդու կերպարը:

Հին աշխարհի ոչ մի անհատականության մասին այնքան մանրամասն գրվածքներ չկան որքան Հիսուս Քրիստոսի: Նրա կյանքի մասին վկայել են ոչ միայն քրիստոնյաները, այլև ոչ քրիստոնյա աղբյուրները:

Եկեք չմոռանանք, որ ոչ մի գաղափարախոսություն կամ փիլիսոփայական ուսմունք այնքան մեծ հեղաշրջումներ չի առաջացրել պատմության մեջ, որքան Հիսուս Քրիստոսի անձն ու նրա վարդապետությունը: Հիսուս Քրիստոսը եկավ վերացնելու սեռային, ազգային, մշակութային տարբերազատումները, բժշկելու մարդկային ցավերը, մխիթարելու կոտրված սրտերը,  լուսավորելու խավար  մտքերը, մարդկանց կանչեց ապաշխարության՝ հետ դառնալու իրենց չար գործերից ու դիտավորություններից, հորդորեց ջանալ ձեռք բերել  ներողամտություն, եղբայրասիրություն, խոնարհություն, լինել ողորմած, գթասիրտ, բարի, միով բանիվ նմանվել իրեն՝ Հիսուսին: Եվ այդ ամենն ուներ գերագույն նպատակ՝ հոգու փրկություն։

Դարեր շարունակ, որոշ պատմաբաններ  ու հրեա ծայրահեղականներ փորձել են հերքել Քրիստոսի, որպես պատմական կերպարի գոյությունը: Մինչդեռ, հետաքրքվողները, եթե կարդան նրանցից մի քանիսի գրվածքները, ապա կտեսնեն, որ հերքման ցանկացած փորձ հանդիպել է ֆիասկոյի: Շատ հրեաներ, չկարողանալով ժխտել Քրիստոս Հիսուսի պատմական կերպարն ու նրա Կույսից ծնվելու փաստը, փորձել են անգամ կեղտոտ զրպարտություններ հորինել սուրբ Կույս Մարիամի մասին: Սրանք, բնականաբար, առաջին նպատակի անհաջողությունը քողարկող ստոր և ունայն մանիպուլյացիաներ են:

Թերևս ամենավառ վկայությունը առաջին դարերի ոչ քրիստոնեա գործիչների ու պատմաբանների գրվածքներն են, որոնցում վկայվում է Հիսուս Քրիստոսի, նրա ընտանիքի, աշակերտների և հետևորդների որպես իրական կերպարների,նրանց գործունեության և մարդկանց սրտերում, ինչու չէ ազգերում ու պետություններում կատարած լուրջ հեղաշրջումների մասին:  Այդ պատմաբանների շարքից էր 37-38 թթ ծնված հրեա մի արիստոկրատ, քահանայական քաղաքագետ, պատմաբան Փլավիոս Հովսեփոսը, որը 67 թվականին գերվեց Վեսպասիանոսի կողմից և ծառայեց հռոմեացիներին իբրև միջնորդ և թարգմանիչ:  Նա, որը կայսեր ներքին շրջանակների մարդ էր համարվում, իր ՛՛Հրեական հնախոսություն՛՛ աշխատության մեջ  Հիսուսի մասին պատմող մի հատված է տրամադրել. ՛՛Այս ժամանակներում էր ապրում Հիսուսը, մի իմաստուն մարդ, եթե կարելի է նրան այդպես անվանել, քանզի նա հրաշքներ էր գործում, ուսուցիչն էր այնպիսի մարդկանց, ովքեր ճշմարտությունը սիրով էին ընդունում: Նա իր հետևից տարավ բազմաթիվ հրեաների ու հեթանոսների: Դա  Քրիստոսն էր: Եվ, երբ Պիղատոսը, առաջնորդներին անսալով, դատապարտեց նրան խաչելության, Հիսուսին սիրողները չլքեցին նրան: Եվ Քրիստոսի անունով քրիստոնեա կոչվողների խմբավորումն այսօր բնաջինջ չի եղել՛՛:  ‘Հնախոսություն՛՛, XVIII, 33:

Այս վկայությունից հետո Հովսեփոսը խոսում է Հիսուսի եղբայր Հակոբոսի մասին և, թե ինչպես է երիտասարդ քահանայապետ Անանիան նրան դատապարտում մահապատժի:

Պատմաբան գիտնականերից քչերն են կասկածել Հովսեփոսի այս գրվածքների ճշմարտացիության մեջ, ինչը և նաև այլ այն ժամանակվա ոչ շահագրգիռ պատմաբանների գրվածքները հավաստում են, որ Հիսուսը եկեղեցու երևակայության արդյունքը չէ, այլ իրական պատմական անհատականություն:

 Կոռնելիոս Տակիտոսը /մ.թ 55թ./, որն աշխարհի մեծագույն պատմիչներից մեկն էր, իր ՛՛Տարեգրություններ՛՛ աշխատության մեջ հիաշատակում էր առաջի դարի քրիստոնյաներին: Նա գրել է.՛՛ Ներոնը մեղադրեց ու ամենասարսափելի տանջանքների ենթարկեց մարդկանց մի խմբի, ովքեր ատված էին իրենց զզվելությունների համար, հասարակությունը նրանց անվանում էր քրիստոնյաներ: Քրիստոսը, որի անունը նրանք կրում էին, ամենախիստ պատժին արժանացավ Տիբերիոսի կառավարման ժամանակաշրջանում՝ մեր կուսակալներից մեկի՝ Պոնտացի Պիղատոսի ձեռքով՛՛:

Այս հատվածներն ալեկոծել են աշխարհականներին և գիտնական պատմաբաններին, որովհետև ոչ Հովսեփոսը և ոչ էլ Տակտիկոսը քրիստոնեա չէին:

Հինկտակարանյան մեծագույն մարգարեներից մեկը, Եսային գրում է. ՛՛...մեզ համար մանուկ ծնուեց, մի որդի տրուեց մեզ, որի իշխանութիւնն իր ուսերի վրայ պիտի լինի. նա պիտի կոչուի Մեծ խորհրդի հրեշտակ,Սքանչելի խորհրդակից, Աստուած հզօր, Իշխան, Հայր հանդերձեալ աշխարհի: Ես խաղաղութիւն կը բերեմ նրա իշխաններին, իսկ իրեն՝ առողջութիւն: Մեծ է նրա իշխանութիւնը, եւ նրա խաղաղութիւնը սահման չունի: Նա պիտի նստի Դաւթի աթոռին, առաջ պիտի տանի նրա թագաւորութիւնը, իրաւունքով ու արդարութեամբ պիտի զօրացնի այն այսուհետեւ եւ յաւիտեանս յաւիտենից: Զօրութիւնների Տիրոջ նախանձախնդրութեամբ պիտի կատարուի դա: