[ARM]     [RUS]     [ENG]

Ճերմակ ուխտագնացություն դեպի Գանձասար

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

 Հունվարի 15-ին, Հովհաննես Մկրտչի Ծննդյան տոն օրվա կապակցությամբ, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կողմից կազմակերպել է ուխտագնացություն դեպի Գանձասարի վանական համալիր, որտեղ մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ՝ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ձեռամբ: Մայրաքաղաք Ստեփանակերտի Ազատության հրապարակից վաղ  առավոտյան ուխտավորները շարժվեցին դեպի Գանձասար։

Տրանսպորտը տրամադրվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

Ուխտագնացության օրը Գանձասարը ձյունածածկ էր, ճերմակ-ճերմակ։ Իր վեհությանը, բնությունը այդ օրը խառնել էր նաև ձյուն...աննկարագրելի գեղեցիկ էր Գանձասարը հունվարի 15-ի ցրտաշունչ առավոտյան։ Սուրբ Պատարագին մասնակցելու էին եկել նաև Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը, Տավուշ աշխարհի հոգևորականներ և  Արցախի թեմի ողջ հոգևոր դասը։ Գանձասարում աննկարագրելի ջերմ մթնոլորտ էր։ Մեզ հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սրբազան Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասաց.

- Ուրախ եմ, որ այսօր այստեղ եք, և եկել եք մեզ հետ տոնելու Մեծ Սրբի օրը։ Շատ կարևոր եկեղեցական տոն է Հովհաննես Մկրտչի ծնունդը։ Օրվա առիթով կազմակերպված ուխտագնացությունն ու Պատարագը մեր հավատացյալ ժողովրդին մի հարկի տակ հավաքելու ևս մեկ լավ հնարավորություն էր, երևի դուք էլ նկատել եք մեր հավատացյալների անթաքույց  ուրախությունն ու բերկրանքը, որ այսօր բոլորով այստեղ ենք, Գանձասարում։ Նմանօրինակ ուխտագնացություններ բնականաբար պարբերաբար ենք կազմակերպելու, այն կարևոր է մեր երկրի հոգևոր կյանքի և ժողովրդի միասնականության համար։

Մեզ հետ զրույցում Տավուշի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց.

- Զգացողությունս բառերով փոխանցել չեմ կարող, մենք իսկապես երջանիկ ենք, որ այսօր Տավուշի հոգևոր դասով Արցախում ենք, Գանձասարում։ Մեր այցերը պարբերաբար պիտի դառնան, հոգևոր կապը պիտի էլ ավելի ամրանա։ Արցախի հետ, Արցախի հոգսերով ապրելը մեզնից յուրաքանչյուրի խնդիրը պիտի դառնա։ Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնը մեզ համար ամեն ինչ վերարժեւորելու ևս  մի հնարավորություն է։ Մեր հավատացյալ ժողովուրդն այսօր մեծ ոգևորություն է ապրում, որ հավաքվել է վեհաշուք Գանձասարի հովանու ներքո։ Իսկապես մեծ նախաձեռնություն է իրականացրել Արցախի թեմը, թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես Սրբազանը։

Ուխտավորները Գանձասարից հեռացան նորից այնտեղ գալու ցանկությամբ, քանզի նրանցից յուրաքանչյուրը բարձր ինքնագիտակցումով էր մոտենում կազմակերպված ուխտագնացությանն ու մատուցված Սուրբ Պատարագին։