[ARM]     [RUS]     [ENG]

Ս. ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԽԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՄԻԱՆԱԼ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔՆԵՐԻՆ

 

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ծխական խորհրդի կազմում ընդգրկված 12 անդամները 2021թ.- ից յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրը՝ երեկոյան ժամերգությունից հետո, որպես կանոն հավաքվում են և նախանշում անելիքները։ Մարտի 31-ին կայացավ ծխական խորհրդի հերթական ժողովը։ «Հայր մեր» տերունական աղոթքից հետո Տեր Մինաս քահանա Մովսեսյանի գլխավորությամբ Խորհրդի անդամները քննարկեցին եկեղեցու, համայնքային կյանքին վերաբերող և կազմակերպչական մի շարք հարցեր։

Հանգամանալից անդրադառնալով եկեղեցական տարաբնույթ հարցերին, ներկաներն եկան այն եզրակացության, որ ծխական համայնքի կարիքները հոգալու համար անհրաժեշտ է բացել հաշվեհամար և փոխանցված գումարների շնորհիվ լուծել առաջնային խնդիրները։ Խորհրդի անդամները քննարկեցին առողջական խնդիրներով հավատացյալներից մեկի՝ Վաչագան Ղուկասյանի խնամակալության հարցը, ինչպես նաև աղքատների, զոհված զինծառայողների ընտանիքների, կարիքավորների աջակցության, այցելության ծրագրերը և հոգևոր, սոցիալական այլ հարցեր։
Ս. Հակոբ եկեղեցու ծխական խորհուրդը կարևորեց նաև հոգևորականների այցերն ԱՀ պետական կառավարման մարմիններ, տարբեր գերատեսչություններ: Տեր Մինասն էլ իր հերթին կարևորեց ծխական խորհրդի գործունեությունը՝ նշելով, որ քայլ առ քայլ համակարգվում են նախանշվող աշխատանքները, առաջնահերթորեն լուծվում խնդրահարույց հարցերը, պարզաբանվում համայնքային-հոգևոր կյանքին վերաբերող մի շարք խնդիրներ և համատեղ առաջարկվում լուծման տարբերակներ։
Ելնելով Արցախում ստեղծված բարդ ու ծանր իրավիճակից` Տեր Մինաս քահանա Մովսեսյանն անդրադարձավ եկեղեցու առաքելությանը, ներկայիս պայմաններում Խորհրդի անելիքներին։ Հանդիպման մասնակիցները փաստեցին, որ եկեղեցին պետք է համախմբի մարդկանց, փարատի բացասական տրամադրվածություններն ու ուղղորդի ճիշտ ճանապարհով։ Ատենապետ Արայիկ Խաչատրյանը ներկայացրեց հավատացյալների մտահոգությունները՝ կապված մեր երկրի բարդ իրավիճակի հետ, և խիստ կարևորեց աղոթքի ամենօրյա հերթապահությունները։ Առաջարկվեց ապրիլի 1-ից էլ սկսել երկրի անվտանգության և խաղաղության համար հերթապահության աղոթքները, և Տեր Մինաս քահանան հորդորեց բնակչությանը միանալ նախաձեռնությանն ու աղոթք, աղաչանք բարձրացնել առ Աստված։ Ինչպես արդեն հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը, Ս. Զատկին նախորդող «Ավագ» շաբաթվա բոլոր օրերին, ապրիլի 11-16-ը ներառյալ՝ երեկոյան ժամը 19։00-ին, կկայանա միասնական աղոթք՝ արցախահայության անվտանգ, խաղաղ ու բարօր կյանքի համար, իսկ ապրիլի 2-ին՝ ժամը 17։00-ին, հանուն Արցախի խաղաղության Թեմը հրավիրում է ազգաբնակչությանը եկեղեցիներ՝ ապաշխարության և խաղաղության աղոթքի համար։
«Կոչ ենք անում մեր ազգաբնակչությանը լինել զգոն, աղոթել և հավատքով հաղթահարել այս դժվարին իրավիճակը, չընկճվել, չտկարանալ, չհուսահատվել, այլ մոտենալ Աստծուն ոչ միայն հավատով, այլ նաև կյանքով, գործով։ Այս իրավիճակը մեզ համար քննական շրջան է և մենք չպիտի տկարանանք, այլ հավատքի մեջ հաստատվենք, Աստծով զորանանք։ Աստված պահպանի և զորակցի բոլորիս»,-դիմեց Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվը։

Զարինե ՄԱՅԼԻՅԱՆ