ՄԱՐԴՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարդն ունի մարմին, շունչ եւ հոգի։ Նա կատարյալ պաշտպանված է այն ժամանակ, երբ ունի համապատասխանաբար՝ ֆիզիկական, հոգեկան եւ հոգեւոր պաշտպանվածություն։ Պետությունը սահմանադրորեն պաշտպանում է իր քաղաքացիների հիմնական իրավունքները, արժանապատվությունը, ազատությունները, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիությունը։ Ֆիզիկական եւ հոգեկան պաշտպանվածությունը մարդը կարող է իրականացնել անհատապես՝ իր վրա ճնշում, բռնություն, հարկադրանք գործադրողին տարբեր միջոցներով հակազդելու կամ իրավապահ մարմիններին դիմելու միջոցով։
Պետությունը երաշխավորում է անհատի մտքի, խղճի եւ դավանանքի ազատորեն ընտրելու իրավունքը։ Այսինքն՝ քաղաքացին ազատորեն ընտրում է այս կամ այն դավանանքը եւ անհատապես կամ հոգեւոր համայնքի միջոցով իրականացնում իր հոգեւոր պաշտպանությունը։
Փաստորեն ստացվում է, որ պետությունը իրականացնում է իր քաղաքացիների ֆիզիկական եւ հոգեկան պաշտպանությունը, իսկ հոգեւոր պաշտպանությունը հիմնականում վերապահվում է եկեղեցուն (համայնքին) կամ հավատացյալներին։ Այսինքն՝ պետությունը ամբողջությամբ չի պաշտպանում իր քաղաքացիների անվտանգությունը։ Նման պարադոքսի պատճառն այն է, որ Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից։
Պետությունը լինելով հավատամքի ընկերային կազմություն, հասարակության բարոյական համակարգի իրավական կառույց, չի կարող հանդուրժել, որ իր հասարակությունը բարոյազրկվի, քանի որ նրա յուրաքանչյուր օրենք իր հիմնական բարոյական համակարգի օրինակարգավորումն է։ Պետությունը չի կարող կրոնի՝ հոգեւորի հարցերում իրեն չեզոք հայտարարել, քանի որ դա փաստացի հրաժարում է հավատամքի ներգործությամբ դարերով ստեղծված հոգեւոր եւ մշակութային արժեքներից։ Այն հասարակարգը, որը չի պաշտպանում իր դավանական հիմքը, իրեն է վտանգում։ Եթե որեւէ հասարակարգ սկսում է քայքայվել, ապա դրա պատճառը իր հիմնական հավատքի անտեսումը կամ խեղաթյուրումն է։ Սրանք հանրագիտարանային պարզ ճշմարտություններ են, որոնք պարտադրաբար հաշվի են առնում այն պետությունները, որոնք հարատեւման ցանկություն ունեն։
Քաղաքացիների հոգեւոր պաշտպանությունը հանդիսանում է քաղաքական ռազմավարության խնդիր, պետությունը պարտավոր է հստակ դիրքորոշում ունենալ եկեղեցու ու կրոնի նկատմամբ, անտարբերությունը կամ չեզոքությունը կործանարար է։
Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ՝ եկեղեցին անջատ է պետությունից, ավելի ստույգ՝ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Այդ դրույթը Արցախի օրենսդիրները «որդեգրել են» Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, իսկ ՀՀ օրենսդիրները՝ Ֆրանսիայից։ Ի դեպ, Ֆրանսիական հեղափոխության դառը պտուղներից է՝ «եկեղեցին անջատ է պետությունից, պետությունը՝ եկեղեցուց» դրույթը, որն այդ ծաղկուն երկիրը դարձրել է մուլտիկուլտուրիզմի անհաջող փորձարկման վայր։
Եկեղեցին անջատելով պետությունից, այսինքն՝ օտարելով հոգեւոր իշխանությունը, փաստացի նշանակում է հրաժարում հասարակության լինելիության ու զարգացման աստվածային ներգործությունից, որը նույնն է թե՝ հրաժարում հասարակության ինքնակարգավորման եւ բնականոն զարգացումից։ Իսկ արդյունքը լինում է այն, որ աստվածպաշտությունը աստիճանաբար փոխարինվում է կապիտալի պաշտանմունքով կամ նյութապաշտությամբ։ Միջանկյալ նշենք, որ մեծն Նժդեհի համար կար մեկ բաժանում՝ նյութապա՞շտ է հայը, թե՞ գաղափարապաշտ։
Եկեղեցին սովորաբար հանդես է գալիս որպես գաղափարաբանության եւ կազմակերպության ամբողջություն։ Մեր ազգային ինքնատիպությունը, անհատականությունը մեծապես կախված են եղել եկեղեցու կազմակերպությունից։ Հայ Առաքելական Եկեղեցին իր կազմակերպությամբ դարձել էր հայ պետություն, երբ Հայաստանը կորցրել էր պետականությունը։ Այն հայկական թաքնված կազմակերպություն էր, իշխանություն էր, վարչություն էր՝ հաստատված հայության հոգեւոր-կամավոր հպատակության վրա։ Հայ Առաքելական Եկեղեցին բացառիկ դերակատարություն է ունեցել եւ ունի՝ պահպանելու եւ զարգացնելու մեր մշակույթը, լեզուն ու գրականությունը, արվեստները, դաստիարակությունը եւ սոցիալական զարգացումը։ Մեծ է եւ Եկեղեցու դերը երկրի ինքնապաշտպանության գործում։ Ահա այդ պատճառով էլ հայության թշնամիները քաջ գիտակցելով Եկեղեցու նաեւ քաղաքական ազդակ լինելու պարագան՝ իրենց սրերը ուղղել են նրա դեմ։ Ահա թե ինչու պիտի պետությունը պարտադրաբար օժանդակի ամրապնդելու Հայ Առաքելական Եկեղեցին որպես կազմակերպություն՝ գաղափարաբանությունը թողնելով որպես վերջինիս մենաշնորհ։
Հարց է ծագում՝ արդյո՞ք Արցախի Հանրապետությունում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը անջատ է պետությունից։ Պետական-իրավական տեսանկյունից եւ սահմանադրորեն հարցի դրական պատասխանը երաշխավորված է, բայց իրականում, բարեբախտաբար, այդպես չէ՝ պետությունը եւ Հայ Եկեղեցին միասնական են։ Այլ հարց է, թե ինչ չափով է այն իրականացված։ Երեսպաշտություն կլինի գրելը, թե ամեն ինչ լավ է։
Պետությունը պետք է Հայ Եկեղեցու հետ համակարգված պայքարի աղանդավորության եւ բազմաթիվ այլ խորթ կրոնական կազմակերպությունների դեմ, որոնք խղճի ազատության եւ ցանկացած կրոն ազատ դավանելու շղարշի տակ ներթափանցել են Հայաստան ու Արցախ եւ քայքայում են պետականության ու Հայ Առաքելական Եկեղեցու հիմքերը։
Պայքարելու համար անհրաժեշտ է ոչ միայն ժողովրդին տալ ճշմարիտ տեղեկություն, բացատրել նրանց վնասակարության մասին, քննադատել գաղափարաբանությունը, այլեւ խիստ կարեւոր է կատարելագործել կրոնական գործունեության ձեւերը, եկեղեցու ներգործման եղանակները, ամրապնդել հավատացյալների հավատքն ու սերը։
Ցավոք, ներկա իրավիճակում՝ հետպատերազմական ժամանակահատվածում, ՀԱԵ Արցախի թեմի շրջանների հոգեւոր պատասխանատուները իրենց վերապահված բնակավայրերում, իրենց հոգեւոր խնամքին հանձնած հավատացյալների շրջանում ավետարանական քարոզչություն, կրոնակրթական եւ դաստիարակչական գործունեություն քիչ են իրականացնում, համայնքային ծխական խորհուրդների ստեղծման աշխատանքները շատ հեռու են բավարար լինելուց։
Արցախի Թեմի Քրիստոնեական դաստիարակության եւ քարոզչության կենտրոնը հիմնականում զբաղվում է Կիրակնօրյա դպրոցների աշխատանքով։ ՔԴՔԿ-ի հիմնական խնդիրը պետք է լինի Արցախի Թեմական խորհրդի հովանու ներքո՝ եկեղեցասեր, երիտասարդական, տիկնանց միությունների, կրոնական եղբայրակցությունների, մշակութային, կրթական, բարեսիրական կազմակերպությունների ստեղծմանն աջակցելը եւ նրանց հետ համագործակցելը, Արցախի թեմում եկեղեցական համայնքների, ծխերի կազմակերպմանը նպաստելը։
Մարդու հոգեւոր պաշտպանության հիմնական միջոցը աղոթքն է առ Աստված։ Անձնական կամ անհատական աղոթքը մեծ նշանակություն ունի հավատացյալի կյանքում։ Սակայն կարեւորը ընդհանրական (միասնական) աղոթքն է։ Դրա մասին Տերը՝ Հիսուս Քրիստոսը՝ ասել է. «Եթե ձեզնից երկուսը միաբանվեն երկրի վրա որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կկատարվի նրանց համար իմ Հոր կողմից, որ երկնքում է։ Որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ»։ Ընդհանրական աղոթքի հիմնական վայրը եկեղեցին է։ Ցանկալի է, որ բոլոր հավատացյալները գոնե կիրակի օրերին հաճախեն եկեղեցի, մասնակցեն Պատարագի։
Արցախում հոգեւոր պաշտպանության գլխավոր հրամանատարը Արցախի թեմի առաջնորդն է, իսկ հրամանատարները՝ քահանաները։ Հուսանք, որ նրանք, Աստծո կամոք, կկատարեն իրենց առաքելությունը՝ արցախահայությանը պաշտպանելով թշնամիների հարձակումներից։
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ