[ARM]     [RUS]     [ENG]

ՕԾՎԵՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐԱՆԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՍՐԲԱՊԱՏԿԵՐԸ

 

Ապրիլի 12-ին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օծվեց Ստեփանակերտի Ս. Աստվածածին մայր եկեղեցու կենտրոնական խորանի նոր՝ Սուրբ Աստվածամոր սրբապատկերը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Ս. Աստվածածին մայր եկեղեցու խաչքավորներ Տիգրան Խաչատրյանը, Կարեն Սարգսյանը։

Ստեփանակերտի Ս. Աստվածածին մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես Ասրյանի նախաձեռնությամբ և ԱՀ ներքին գործերի նախարար, 2021թ. եկեղեցու խաչքավոր Կարեն Սարգսյանի ներդրումներով ձեռք բերվեց Սուրբ Աստվածամոր սրբապատկերը։ Նկարիչը երևանաբնակ Արտյոմ Մելքոնյանն է։
Ընդունված կարգի համաձայն Հայ Առաքելական եկեղեցու սուրբ սեղանները զարդարվում են Աստվածամոր պատկերով։ «Աստվածամոր պատկերով կտավներ աշխարհում շատ կան, հատկապես հանրահայտ թանգարաններում, բայց դրանցից շատերն օծված չեն։ Հայ եկեղեցու հետևորդ նկարիչները, զարդանկարիչները, մանրանկարիչները մեծ ուշադրություն են դարձրել Աստվածամոր պատկերին և յուրահատուկ եղանակով Նրան պատկերել հայուհու նման։ Այսօր էլ շարունակվում է այդ գեղեցիկ ավանդույթը և ժամանակակից նկարիչները նորովի են պատկերում Աստվածամորը»,-պարզաբանեց Արցախի թեմի առաջնորդը։ Ընդհանրական և առ Աստված ուղղված գոհունակության աղոթքների հետ մեկտեղ Սրբազանը շնորհակալություն հայտնեց եկեղեցու նվիրյալ բարերար Կարեն Սարգսյանին՝ Արցախի թեմի առաջնորդանիստ եկեղեցու սուրբ սեղանը յուրահատուկ ձևով զարդարելու համար, և մաղթեց, որ Մարիամ Աստվածածինը բարեխոս լինի հայ ազգի աղոթող զավակների և մեր նահատակների հիշատակի ու հոգիների փրկության համար։
«Կրկին մեր երախտագիտությունն ենք հայտնում և միասնական աղոթքով խնդրում, որ հայերիս համար շատ սիրված Աստվածամայրն իրապես իր աստվածային հովանու ներքո պահի ու պահպանի ազգս և Արցախ աշխարհս»,- հավելեց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Միասնական աղոթքից և Սուրբ Աստվածամոր սրբապատկերի օծման արարողությունից հետո այն ամրացվեց եկեղեցու խորանի կենտրոնական պատին։ ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին` ազգային-եկեղեցական, աստվածահաճո ու ազգանպաստ ծառայության համար Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի անունից հանձնվեց գիր օրհնության։

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Լուսանկարները՝  Ռուսլան Սարգսյանի