[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՍԲ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ

 

Այսօր՝ ապրիլի 14-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ավագ Հինգշաբթին: Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում առավոտից սկսվել են եկեղեցական արարողությունները: Ստեփանակերտի Սբ Աստվածամոր մայր եկեղեցում, Առավոտյան ժամերգությունից և Կարգ ապաշխարությունից հետո, Արցախի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և նորաօծ Վարդան քահանա Ներսիսյանի ձեռամբ մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Օրվա երկրորդ կեսին Սրբազան Հոր ձեռամբ կատարվեց յուղի օրհնության կարգ և Ոտնլվայի արարողություն: Երեկոյան կկատարվի Խավարման կարգ:

Ավագ Հինգշաբթին պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրը հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17): Ավագ Հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. 26:17-46): Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո տալ Ս. Հաղորդության խորհուրդը: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Կատարվում է Ոտնլվայի արարողություն: Հայ եկեղեցում, Տիրոջ  օրինակով, քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով: Ավագ Հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու հուղարկավորումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը: Ավագ Հինգշաբթի օրը, երբ Տերը Վերնատանը նստեց Իր աշակերտների հետ, խորհրդանշում է Քրիստոսի՝ Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ:

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ