[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ՝ ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔ, ԱՄՈՒՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

Եկեղեցական սիրված ու  կարևոր տոներից է Զատիկը։  Տոնն այս լավագույնս ցուցադրում է հայերի կապն Աստծո հետ։ Ճիշտ է՝ ժամանակի հետ  այն որոշակի փոփոխությունների ենթարկվեց, սակայն քրիստոնեական բոլոր երկրներում  Զատիկը  նախկինի պես նշվում է մեծ հանդիսությամբ։ Հայաստանում և Արցախում  Սուրբ Զատկի տոնը (հավանաբար «ազատություն», «զատվել»  բառերից,  ինչը նշանակում է ազատվել տառապանքներից, չարիքից ու մահից) այս տարի նշվում  է ապրիլի 17-ին։ «Պասխա»-ն հունարենից թարգմանաբար նշանակում է «ազատագրում», ինչն արդեն ենթադրում է լուսավորի ու  գեղեցիկի  սպասում։ Զատկի օրը հայերն իրար ավետում են՝ «Քրիստոս հարյավ  ի մեռելոց»  և  «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի», իսկ  ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդներն  իրար ողջունում են «Христос воскрес!» արտահայտությամբ՝ ի պատասխան լսելով «Воистину воскрес!»։

Մենք՝  հայերս,  Զատիկը մի առանձին ուրախությամբ ու ոգևորությամբ ենք տոնում, քանի որ այն Հայ Առաքելական եկեղեցու ամենալուսավոր տաղավար տոներից է։ Զատիկը Քրիստոսի Հարության, մահվան դեմ  նրա տարած հաղթանակի խորհուրդն ունի։ 
Շատերի հիշողության մեջ դեռ թարմ են աթեիզմի խորհրդային տարիները, երբ ավերվում, փակվում էին տաճարներ, վանքեր,  հոգևորականներին աքսորում կամ պարզապես  սպանում  էին։ Իսկ Արցախում այդ ամենն արվում էր մեկ այլ՝ հեռահար նպատակով։ Կրոնի դեմ պայքարի քողի ներքո  Ադրբեջանն ավերում  և մինչ օրս ոչնչացնում է հայկական եկեղեցիները, տաճարները, խաչքարերը, շիրմաքարերը,  մի խոսքով՝ այն ամենը, ինչը կարող է վկայել տարածքի հայկական պատկանելիության մասին։ Բնականաբար, կրոնի, մեր դեպքում քրիստոնեության դեմ,  70 տարիների՝ բառիս բուն իմաստով կենաց ու  մահու պայքարն իր բացասական  հետքը թողեց։ Հոգևորը պարզապես արմատախիլ  արվեց, և արցախցիներից շատերը հեռացան իրենց հոգևոր արմատներից, չէին նշում Զատիկը, մոռացել էին տոնի աստվածաբանական իմաստն ու նշանակությունը։ Բայց եկավ 88-ի բեկումնային տարին։ Արցախցիներին ազգային-ազատագրական շարժումն ազատագրեց ոչ միայն օտար լծից, այլև վերադարձրեց  քրիստոնեական հավատին։ Եվ փառք Աստծո, հոգևոր արժեքները մեզանում աստիճանաբար զարթոնք են ապրում: Հատկապես ուրախալի է, որ երիտասարդությունը հոգևոր կյանքում  ներգրավված լինելու,  եկեղեցիներ և սրբավայրեր այցելելու առումով հասարակության ամենաակտիվ խմբերից  է։ Իսկ հավատացյալ երիտասարդություն նշանակում  է ամուր ընտանիք, որպես արդյունք՝ ամուր պետություն։
Զատիկը հրաշալի ընտանեկան տոն է՝ սիրված թե՛ փոքրերի, թե՛ մեծերի կողմից։ Զատկի նախապատրաստությունը սկսվում է բուն տոնից շատ ավելի վաղ։ Տոնից մոտ 2 շաբաթ առաջ ցորեն են ծլեցնում։ Այնուհետև կանաչ ծիլերի վրա տեղադրում  են հիմնականում կարմիր ներկված ձվեր, որոնք խորհրդանշում են նոր կյանք և վերածնունդ, ինչպես նաև մարդկության համար Հիսուս Քրիստոսի թափած արյունը։  Բոլորին սիրելի զատկական խաղ կա՝ «ձու կռվեցնելը»։ Խաղի մասնակիցներից մեկը ձուն պահում է  ձեռքում,  իսկ մյուսը ձվով հարվածում է։ Հաղթողը ստանում  է նաև ջարդված ձուն ։ Ընտանիքի բոլոր անդամները մասնակցում  են այս խաղին։ Զատկի սեղանի ավանդական ուտեստներից է հայկական իշխան ձուկը, որը մատուցվում է կարմիր գինու հետ։  Ձուն և գինին հիշատակվում են Սուրբ գրքում։ Ձուկը  Հիսուսը բաժանեց մարդկանց, իսկ գինին խորհրդանշում է նրա արյունը։ Սովորաբար մատուցվում է նաև բրնձով փլավ, որտեղ բրինձը խորհրդանշում է մարդկությունը, նրա մեջ եղող  չիրն ու չամիչը՝ աշխարհի  քրիստոնյաներին։
Հիրավի, հայերը  սրբորեն պահպանում են նախնիների ավանդույթները, բայց արդարացի լինելու համար նշենք, որ տոնի հոգևոր խորհուրդը ոչ բոլորին է հասու։ Ինչպես նշեցինք,  Զատիկը Սուրբ Հարության տոնն է  և նշանակում է ազատագրում, փրկագնում մեղքերից ու  վերադարձ առ Աստված։ Հենց վերադարձ, և թող որ այդ վերադարձի ճանապարհին դեռևս սխալներ ենք թույլ տալիս, բայց փորձում ենք ընկալել տոնի իմաստը, իսկ ամենակարևորը՝ ողջ հոգով գիտակցել ու ընդունել այն։

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ