ՀՈԳԵՎՈՐ ՎԵՐԱԶԱՐԹՈՆՔԻ ՀԱՄԱՐ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՈՒՐՋ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ԿԱ
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մամուլի ասուլիսը
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ապրիլի 28-ին կայացած մամուլի ասուլիսը վերաբերում էր Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների պատմամշակութային կոթողների ողբերգալի վիճակին։ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ ի դեմս Ամենայն Հայոց Հայրապետի, գրասենյակ է բացել՝ զբաղվելու Արցախի պատմամշակութային հուշարձանների, հատկապես օկուպացված տարածքների եկեղեցիների մասով, և աշխատանքներ են ընթանում միջազգային հարթակներում խնդիրը բարձրաձայնելու համար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, խստորեն դատապարտելով ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված հակամարդկային ու հակաքաղաքակրթական գործողությունները Արցախի օկուպացված տարածքների պատմամշակութային կոթողների, սրբավայրերի նկատմամբ, դիմել է համաշխարհային եկեղեցական կազմակերպություններին, քույր եկեղեցիներին, ՅՈւՆԵՍԿՕ-ին, տարբեր այլ կառույցների՝ համարժեք քայլեր ձեռնարկելու համար։ «Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը միջոց չի խնայում անհետացնելու հայկական ինքնության հետքը՝ ավերելով և նույնիսկ ոչնչացնելով, ձևափոխելով մեր եկեղեցիները, սրբավայրերը, քրիստոնեական նշանագրերը, վավերագրերը: Ու դա արվում է Ադրբեջանի իշխանությունների և երկրի նախագահի թողտվությամբ ու խրախուսմամբ։ Քրիստոնեական արժեքների և հայ ինքնության վավերագրերի ոչնչացման առումով արտահայտելով մեր մտահոգությունները, միաժամանակ փաստում ենք, որ արցախյան մյուս պատերազմների համեմատությամբ, այս անգամ ադրբեջանական ձեռագիրն ավելի է վատթարացել, ու եթե նախկինում գոնե անտարբեր էին պատմամշակութային կոթողների նկատմամբ, ապա այսօր նպատակային ձևափոխում և ոչնչացնում են դրանք»,- նշեց Արցախի թեմի առաջնորդը։ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պատասխանեց նաև լրագրողների մի շարք հարցերի։ Անդրադառնալով լրագրողի՝ Արցախի պատմամշակութային կոթողների և հայկական ինքնության ոչնչացման վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքի կամ վերջիններիս կողմից իրականացվելիք գործողությունների հարցին, Սրբազանը պատասխանեց, որ եվրոպական երկրների համապատասխան կառույցները, կարծես, սպասողական վիճակում են և դեռևս լուրջ քայլեր չեն ձեռնարկում Արցախի իշխանությունների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Արցախի թեմի կողմից պարբերաբար բարձրաձայնվող խնդրի առնչությամբ։ Այդ կապակցությամբ շատ աշխատանքներ պետք է տարվեն, որ միջազգային հանրությունն արթնանա և համարժեք պատասխան տրվի Ադրբեջանի վայրագություններին։ Ինչ վերաբերում է օկուպացված տարածքում և ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Դադիվանքի վանական համալիր պարբերական ուխտագնացությունների վերսկսման խնդրին, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը տեղեկացրեց, որ Զատկից առաջ խնդրել են ՌԴ խաղաղապահների հրամանատարին, որ գոնե այդ կարևորագույն տոնին թույլ տան ուխտավորներին այցելել՝ աղոթակից լինելու Դադիվանքում գտնվող մեր հոգևորականներին և ստանալ Սուրբ Դադիի օրհնությունն ու բարեխոսությունը։ Մեկ տարվա դադարից հետո ՌԴ խաղաղապահների հրամանատարն ընդառաջեց և բանակցությունների արդյունքում հավատացյալները հնարավորություն ունեցան այցելել Սրբավայր և այնտեղ մասնակցել Սուրբ Հարության տոնի Պատարագին։ Աշխատանքներ են տարվում, որ այսուհետ գոնե ամիսը մեկ անգամ ուխտավորներին թույլատրվի այցելել Դադիվանք։
Արցախ-Հայաստան կապի ամրապնդման վերաբերյալ Հոգևոր առաջնորդը նշեց, որ Սուրբ Հարության կամ Զատկի տոնից առաջ Արցախի թեմը կոչ էր արել հայ ազգաբնակչությանը միավորվել միասնական աղոթքով, որի նպատակը նաև ողջ հայության համախմբումն էր՝ աղոթքի միջոցով տեր կանգնելով Արցախին։ Սրբազան Հայրը կարևորեց և անհրաժեշտ համարեց նման համահայկական ծրագրերի, միջոցառումների կազմակերպումը. «Ինչպես մեր հոգևորականներից մեկն է ասել՝ Արցախը հեռվից չեն սիրում, ուստի Արցախ այցելելով է ջերմանում արցախցու հոգին ու սիրտը, Արցախին պետք է տեր կանգնել, քանզի կորցնելով Արցախը, հետևանքներն անդառնալի կլինեն։ Իսկ ազգի հոգևոր զարթոնքի համար անհրաժեշտ են միասնական աղոթք, համահայկական միջոցառումներ, ծրագրեր և համազգային այցեր դեպի Արցախ։ Ամեն հայ պարտավոր է գոնե տարին երկու անգամ այցելել Արցախ»։ Եկեղեցաշինական ծրագրերի մասով Սրբազանը տեղեկացրեց, որ նոր եկեղեցիներ Արցախում չեն կառուցվելու, իսկ եղածներն էլ հնարավոր է փոքր-ինչ վերականգնվեն։ 2023թ. ամբողջովին կավարտվեն Ամարասի շինարարական աշխատանքները։ Նա առավել կարևորեց մեր սահմանների և բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման, բարոյահոգեբանական վիճակի հզորացման և միասնական աղոթքին միանալու խնդիրները։
Լրագրողների հարցերը վերաբերում էին եկեղեցիների տարածքների բարեկարգման, մաքրման, հատկապես սահմանային սրբավայրերի պահպանման, գործարկման, քարոզչական ու բարեգործական ծրագրերի, հոգևոր մտածելակերպի ձևավորման, կիրակնօրյաների, հոգևորականների գործունեության և հոգևոր-պետականաշինական այլ թեմաներին։ Արցախի թեմն առաջիկայում կշարունակի իր քարոզչական գործունեությունը. նախատեսվում է բացել քրիստոնեական ամառային ճամբար, Մարտակերտում՝ «Հայորդաց տուն» դպրոցը, իսկ Ամարասի վանքի վերանորոգումից հետո այնտեղ ևս կգործի նմանատիպ կրթօջախ։ Սրբազանն ընդգծեց, որ ազգը համախմբվում ու միավորվում է միասնական աղոթքի միջոցով, իսկ իրականացվող ծրագրերը լրացնում են այդ ամենը, սակայն ամեն ինչի հիմքում պետք է լինի հոգևորը։ Իսկ հայ անհատը պետք է ձևավորվի ընտանիքի, դպրոցի, եկեղեցու միասնության արդյունքում։ «Ամեն մի օղակի թուլացմամբ կտուժի պետականաշինությունը։ Ու այս արժեհամակարգը պետք է պահպանվի։ Ազգի պահպանության և հոգևոր վերազարթոնքի համար մեր ժողովուրդը լուրջ միաբանության, ապաշխարության, մեղքերի քավության և Աստծուն դառնալու ուխտը վերանորոգելու կարիքն ունի։ Թող Տերը օրհնի ու պահպանի Արցախ աշխարհը, ժողովրդին, որ խաղաղություն լինի մեր երկրում, և մեր համախմբվածությամբ Արցախը կրկին դառնա ազատ ու անկախ, անվտանգ մի երկիր։ Աստված օրհնի ձեզ»,- վերջում հավելեց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի