Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն
Այսօր՝ մայիսի 26-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը՝ Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:
Հայ Առաքելական եկեղեցին Համբարձման տոնին հիշատակում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը:
Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է լուսավորչահիմն Ս. Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Ս. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող Ս. Պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջև կատարվում է նաև Հայրապետական մաղթանք:
Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթի օրը: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:
Ծաղկամայրն ըստ ավանդության քրիստոնյա Վարվառե կույսն է, ով փախչելով կռապաշտ հորից՝ ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդելով աղջկան, գտնում և սպանում է նրան: Նահատակվելուց առաջ Վարվառեն Աստծուն խնդրում է, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:
Հ.գ. Ստեփանակերտի Աստվածամոր Հովանի մայր եկեղեցում կմատուցվի սբ Պատարագ: