Մարտակերտում կհիմնանորոգվի եւ կգործի Հայ Առաքելական եկեղեցու հայորդաց տունը
Հունիսի 1-ին Մարտակերտ են այցելել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ նախագահի խորհդական Լուսինե Ղարախանյանը, Հակոբավանքի վանական համալիրի վանահայր Տեր Հովհաննես Հովհաննիսյանը և Ֆրանսիական «SOS Արևելքի քրիստոնյաներ» բարեգործական կազմակերպության պատասխանատուները։ Այցի արդյունքում նախատեսվում է Մարտակերտ քաղաքում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հայորդաց տունը կապիտալ վերանորոգել, որն ամբողջությամբ ֆինանսավորելու է բարեգործական կազմակերպությունը։ Արցախի թեմի առաջարկով և Ֆրանսիայի «SOS Արևելքի քրիստոնյաներ» բարեգործական կազմակերպության ֆինանսավորմամբ Մարտակերտում մինչեւ 2016թ. ապրիլյան պատերազմը գործել է հոգևոր-մշակութային կենտրոնը, սակայն շենքային պայմանները բարվոք չէին։ Հիմնանորոգումից հետո այն վերափոխվելու է հայորդաց տան, որտեղ գործելու են մշակութային խմբակներ և հաճախելու են հանրակրթական դպրոցի երեխաները։ Լուսինե Ղարախանյանի խոսքով` հայորդաց տունը նպաստելու է Արցախի երեխաների հոգևոր, ազգային, մշակութային արժեքների ամրապնդմանը։ Այցի շրջանակներում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը և Ֆրանսիայի «SOS Արևելքի քրիստոնյաներ» բարեգործական կազմակերպությունը համատեղ հուշագիր են ստորագրել և օրհնության գիրը դրել շենքի հիմքում` ազդարարելով շինարարական աշխատանքների սկիզբը: Արարողությանը ներկա են եղել նաև Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նելսոն Աթայանը, աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Հարությունյանը, Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը: Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այցելել է նաև Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցի, երիցտանը հանդիպել կիրակնօրյա դպրոցի երեխաներին, ովքեր հյուրերին դիմավորել են երաժշտական կատարումներով։
Գոհար Ղազարյան