«ՓՐԿՎԵԼ, ՎԵՐՋԱՑՐԵ՞Լ ԵՆՔ»
-Տեր Սերոբ, բողոքականները, հենվելով «Հաւատա Տէր Յիսուս Քրիստոսին եւ կը փրկուես դու եւ քո ամբողջ տունը» /Գործք 16։31/ խոսքի վրա, անտեսում են հավատի գործերը, եկեղեցական խորհուրդները, Եկեղեցու դերը փրկության հարցում։ Կարծում են նաև, որ հավատացյալը երբեք չի կորցնում իր փրկությունը, քանի որ, ինչպես իրենք են ասում, մեջբերում եմ՝ «Փրկությունը ձրի» է։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։ Պե՞տք են հավատքի գործերը, թե՞ միայն մտքում հավատալն էլ բավական է փրկվելու համար։
-Փրկութիւն եզրը երբ օգտագործենք, զգոյշ պէտք է լինենք հասկանալու, թէ «փրկութիւն» կամ «փրկուել» ի՞նչ է նշանակում ինքնին, եւ զգոյշ լինել, որ քրիստոնեան չընկնի աւելորդ ինքնավստահութեան թակարդն ու իր հոգին չծախի չարին, չկարծի, թէ նրա ստատուսային ինչ որ իրավիճակի մէջ է, երբ այս մեղանչական մարմնի մէջ է դեռեւս։
Ձեր նշած օրինակի մէջ դուք նշմարեցիք բողոքականներին, որոնք Նոր Կտակարանի զանազան համարների վրայ հիմնուելով, ներկայացնում են, թէ «փրկուել են վերջնականապէս», քանի որ երբէք «չեն կորցնում իրենց փրկութիւնը», քանի որ «Փրկութիւնը ձրի է», եւ այլ նրանց դաւանած արտայայտութիւններից։
Նախ, ճշտման համար, ԲՈԼՈՐ բողոքականները չե'ն, որ հաւատում են անկորուստ փրկութեան, վերջնական փրկութեան, կամ մեկ-երկու համարների հիման վրայ ստեղծուած դաւանութիւններին։ Կան բազում տեսակի բողոքականներ, ու նրանցից ծագած կամ հերձուած բազմաթիւ ուղղութիւններ՝ ոմանք ընդունելի, ոմանք՝ աղանդաւորական, որոնք «Փրկագործութեան» (Soteriology) մասին ունեն իրենց իւրայատուկ հասկացողութիւնը, բացատրականը եւ դաւանանքը։
Կան բողոքականներ, որոնք հաւատում են, որ մարդ կարող է իր փրկութիւնը կորցնել, կամ յաւիտենապէս փրկուած չմնալ, այլ ունենալ պայմանական փրկութեան իրավիճակ, եւ փրկութիւնը կապել մարդու կամքի հետ։ Նրանցից են Արմինական (Յակոբոս Արմինուսի դաւանութեան հետեւորդները), Ուեսլիականները, Մեթոտականները, Նազովրեցիականները եւ այլք։
Ձեր նշածների մէջ կան Կալվինականները, Երիցականները, Ժողովականները, Անգլիկանները, Վերակազմեալ Մկրտականները։ Ամէն մի դաւանական ուղղութիւն ունի տեսակաւոր այլ ուղղութիւններ իր մէջ, որոնք մեկնւում են իրենց «հովիւների» հասկացողութեան եւ դաւանութեան հիման վրայ։
Հիմա վերադառնանք բուն հարցին։
Քրիստոնէութեան հիմքն է մարդու հոգու փրկութիւնը։ Քանի որ մեղքի պատճառով մարդը խզուել է Աստուածային շնորհներից։ Եւ այդ փրկութեան գլխաւոր անունն ու անձը ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ է. «Եւ ուրիշ մէկի միջոցով փրկութիւն չկայ, որովհետեւ երկնքի տակ չկայ մարդկանց տրուած այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկուենք» (Գործ. 4։12):Ինչպէս որ մարդ ծնած վայրկեանից ունենում է իր մարմինը, նոյն վայրկեանից ունի նաեւ իր մարմնական գոյութիւնը եւ հետեւաբար՝ ստվերը։ Եւ, ինչպէս որ մարդ լոյսի տակ չի կարող փախչել իր ստվերից, նոյնպէս մեր բնազդի մէջն է մեղքը, որը խախտում է Աստուծոյ արդարութեան եւ մաքրութեան դէմ։ Ս. Օգոստինոս հայրապետը նկարագրում է մեղքը որպէս «խօսք, գործ կամ միտք, որը դէմ է կամ խախտում է, Աստուծոյ յաւիտենական օրէնքին»։
Մեղքը շրջապատում է մարդու կամոք թէ ակամայ, նրա գիտակցութեամբ, թէ անգիտակցաբար։ Ովքեր որ ասում են «Հաւատացողը չի կորցնում իր փրկութիւնը», սխալւում են, որովհետեւ աշխատում են ներկայանալ որպէս թէ «փրկուած», երբ դեռ «մարմնի մէջ են» (Բ Կոր. 5։8)։ Քանի որ, եթէ մարդ ՙփրկուել ու վերջացել է՚, ապա Պօղոս առաքեալ չէր գրեր Հռոմի հաւատացեալներին. «Այսուհետեւ մեղքը թող չթագաւորի ձեր մահկանացու մարմիններին՝հնազանդեցնելու ձեզ իր ցանկութիւններին։ Եւ ձեր մարմնի անդամները, որպէս անիրաւութեան գործիք, ի ծառայութիւն մեղքի մի' պատրաստէք, այլ յանձնեցէ՜ք ձեզ՝ ի ծառայութիւն Աստծու, որպէս մեռելներից կենդանի դարձածներ, իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարութեան գործիքներ՝ ի ծառայութիւն Աստծու, որպէսզի մեղքը ձեզ չտիրի. քանզի օրէնքի տակ չէք, այլ՝ շնորհի» (Հռոմ. 6։12-14)։
Մարդ մկրտութեամբ փրկւում է սկզբնական մեղքից ու սկսում քայլել փրկութեան ճանապարհով։ Չափահաս անձ մը ճանաչում է իր սխալ ու մեղքի կեանքը ու մկրտւում եւ ապրում այդ կեանքով։ Բայց ոչ ոք չի կարող ասել թէ նա մինչեւ իր կեանքի վերջը չի մեղանչելու։ Իսկ մեղքը մարդուն շրջապատում է աւելի արագ, քան նրա շունչը։ Հետեւաբար՝ առաքեալներն ու հայրապետները մեղքի դէմ պայքարը չէին ներկայացնի որպէս ՀՈԳԵՒՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ, եթէ այդպէս չլինէր։ Իսկ «փրկուած, ու երկինք գնացող»-ներ պարզապէս խաբում են իրենք զիրենք ու չեն նկատում, որ Աստուած նաեւ գործ է պահանջում հաւատքի հիման վրայ ու ոչ թէ դատարկ խօսք։
«Եւ Յիսուս մտել էր Երիքով ու շրջում էր։ Եւ ահա մի մարդ, Զակքէոս անունով, որ մաքսապետ էր ու մեծահարուստ, ուզում էր տեսնել, թէ ո՜վ է Յիսուս, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում, որովհետեւ կարճահասակ էր։ Եւ առաջ վազելով՝ բարձրացաւ ժանտաթզենու վրայ, որպէսզի տեսնի նրան, որովհետեւ նա հէնց այդտեղով էր անցնելու։ Երբ այդ տեղը եկաւ, Յիսուս վեր նայեց եւ ասաց. «Զակքէո՜ս, շտապիր իջի՜ր այդտեղից, որովհետեւ այսօր պէտք է, որ ես քո տանը գիշերեմ»։ Զակքէոսը շտապեց իջաւ եւ նրան ընդունեց ուրախութեամբ։ Երբ ամէնքը այս տեսան, տրտնջում էին եւ ասում, թէ մեղաւոր մարդու մօտ մտաւ գիշերելու։ Իսկ Զակքէոսը եկաւ կանգնեց եւ ասաց Տիրոջը. «Տէ՜ր, ահա իմ ինչքերի կէսը կը տամ աղքատներին, եւ եթէ որեւէ մէկին զրկել եմ, քառապատիկ կը հատուցեմ»։ Եւ Յիսուս նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկութիւն եղաւ, քանի որ սա եւս Աբրահամի որդի է, որովհետեւ մարդու Որդին եկաւ փնտռելու եւ փրկելու կորածի» (Ղուկ. 19։1-10):
Եթէ մարդ մի խօսքով «փրկուել է» ու չի կորցնում իր փրկութիւնը, ապա թող չխաբուեն, ինչպէս որ ասում է Պօղոս առաքեալ հենց նրանց, ովքեր կարծում էին, որ մի խօսքով կարող են փրկուել, բայց ապրել իրենց իրավիճակով.
«Չգիտէ՞ք, թէ անիրաւներն Աստծու արքայութիւնը չեն ժառանգում. մի' խաբուէք. ո'չ պոռնիկներ, ո'չ կռապաշտներ, ո'չ շնացողներ, ո'չ իգացողներ, ո'չ արուամոլներ, ո'չ գողեր, ո'չ ագահներ, ո'չ հարբեցողներ, ո՜չ բամբասողներ, ո'չ էլ յափշտակողներ Աստծու արքայութիւնը չպիտի ժառանգեն» (Ա Կոր.6։9-10):
Եթէ փրկութիւնը խօսքերով լինէր եւ ոչ ԿԵԱՆՔՈՎ, ապա Քրիստոս մեզ չէր քարոզի ոչ նեղ ճանապարհի մասին (Մատթ. 7։13), ոչ խաչը վերցնելու մասին (Մատթ. 16։24, Ղուկ. 9։23), ոչ էլ նեղութիւններով ու հալածանքների միջով անցնելու ԿԵԱՆՔԻ մասին (Բ. Տիմ. 2։9, Բ. Պետ.5։10,)։
Եւ եթէ այդ մոլորեալները «փրկուել ու երկինք են գնում անկասկած», ապա ուշադիր կը լինէին առաքեալի խօսքերին, որ բաղդատում է Մովսէսի հետ Կարմիր ծովն անցնող ու «փրկուող» իսրայէլացներին, եւ մկրտուած ու Եկեղեցու «փրկուած» անդամներին ասում է. «Եւ չլինենք կռապաշտներ…, եւ չպոռնկանանք…, եւ չտրտնջանք….», ու ամենավերջում ասում է. «Որպէսզի, ով կարծում է, թէ կանգնած է հաստատ, թող զգոյշ լինի, որպէսզի չընկնի» (Ա. Կոր. 10։7-12)։
Եթէ հաւատքն ու փրկութիւնը միայն սոսկ խօսքեր լինէին, ապա ոչ Պօղոս առաքեալ մեզ ուժգին կը յորդորէր. «Ահով եւ դողով դուք ձեր փրկութեան համար աշխատեցէ՜ք» (Փիլ. 2։12), եւ ո'չ էլ Յակոբոս առաքեալ կը գրէր ինքնախաբէութեամբ զբաղածներին. «Դու հաւատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՜յց տուր ինձ քո հաւատը առանց գործերի, եւ ես քեզ ցոյց կը տամ իմ հաւատը գործերով»։ Դու հաւատում ես, որ մէկ է Աստուած. լաւ ես անում։ Դեւերն էլ են հաւատում եւ դողում։ Ո'վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հաւատը դատարկ բան է առանց գործերի» (Յակ. 2։18-20)։
Առաքելական Սուրբ Եկեղեցին առաքելական ուսուցմամբ ու Ս. Հայրերի շաւղով, հաւատում եւ քարոզում է որ մարդ.
1. ՓՐԿՈՒԵԼ է նախկինում, իր մկրտութեան ու ապաշխարանքի ժամանակ։
2. ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ է իր փրկութիւնը, ամէն օր իր կատարած հաւատքով ու գործերով։
3. ՊԻՏԻ Փրկուի, երբ Տէր իր օրհնեալ ձայնով կանչի մեզ առ յաւիտենական կեանքը։
Փրկութիւնը ձրի է, այո, բայց փրկութինը սոսկ խօսք կամ զգացական վիճակ չէ։ Այլ ԿԵԱ՜ՆՔ է, Հաւատքի ԱՇԽԱՏԱ՜ՆՔ է, Յոյսի ՈԳԵՂԻՆՈՒԹԻ՜ՒՆ է, Սիրոյ ԸՆԹԱ՜ՑՔ է։ Ու այդ բոլորը կատարումն են Տիրոջ ամենափրկարար շնորհներին, որով ասաց. «Ես ձեզ հետ եմ միշտ»։ (Մատթ. 28։20)։
Որովհետեւ. «Աստուած իր շնորհը յայտնեց որպէս փրկութեան միջոց բոլոր մարդկանց, շնորհ, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտութիւնը եւ աշխարհիկ ցանկութիւնները, այս աշխարհում ապրենք զգաստութեամբ, աստուածապաշտութեամբ եւ ակնդէտ սպասենք երանելի յոյսին եւ փառքի յայտնութեանը մեծն Աստծու եւ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի, որ իր անձը տուեց մեզ համար, որպէսզի մեզ փրկի ամէն անօրէնութիւնից եւ մաքրի որպէս իրեն սեփական ժորովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի» (Տիտ.2։11-14)։
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ