Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ 33-ՐԴ ՏԱՐԻ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ

⠀Սիրելի հավատավոր զավակներ,
Առ Աստված գոհունակ սրտով և ուրախությամբ շնորհավորում ենք բոլորիս՝ Արցախի թեմի վերաբացման 33-րդ տարվա կապակցությամբ: Խորհրդային տարիների հալածանքներին ամենաերկար դիմացածներից և 1930 թ.-ին փակված թեմի վերաբացումը ծնունդն էր մեր ժողովրդի հոգևոր մղումների և ազգային ինքնության որոնումների: Արցախում սկսված ազատագրական շարժման կարևոր պտուղներից մեկը եղավ 1989թ. հոկտեմբերի 1-ին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին Արցախի թեմի վերաբացումը Վազգեն Վեհափառի սրբատառ կոնդակով, որով քանդվեց նաև կեսդարյա հոգևոր շրջափակումը:
Վերաբացված Արցախի թեմը մեռոնի կնիքը դարձավ մեր ազատագրական պայքարի և հոգևոր հիմնասյունը մեր արդար պահանջի: Հայոց Աղվանից Կաթողիկոսության պատմական ժառանգորդը հանդիսացող թեմը, ի գլուխ ունենալով առաջին առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանին, ակտիվորեն և եռանդուն կերպով լծվեց Արցախի հոգևոր վերազարթոնքի գործին: «Հունձը առատ էր, իսկ մշակները՝ սակավ…» (Մատթ. 9.37-38), և խորհրդային հասարակարգի գործած հոգևոր ավերից հետո՝ շնորհիվ թվաքանակով քիչ, բայց նվիրյալ հոգևորականների, Արցախի թեմը կարողացավ կենդանացնել հոգևոր դաշտը և ստեղծել ամուր հիմք մեր ժողովրդի վերաքրիստոնեացման համար:
Հայոց Արցախ աշխարհը քրիստոնեական աշխարհի ամենահին օջախներից է, որտեղ դրոշմված են բազում երանելի սրբերի անուններ: Համաքրիստոնեական բազում սրբերի մասունքները, նահատակների թափած արյունը և դրանց հիմքի վրա կառուցված բազմադարյա մեր վանքերն ու եկեղեցիները այս փոքրիկ երկիրը դարձրել են իսկական Սրբազան Մասունք:
Մեր ժողովրդի հետ համաքայլ անցնելով Արցախի ազատագրման, անկախության և պատերազմների դժվարին ճանապարհով, Արցախի թեմը այսօր էլ շարունակում է անշեղ քայլերով գնալ առաջ՝ Քրիստոսի կենարար խոսքով դաստիարակելով, մխիթարելով և գոտեպնդելով մեր ժողովրդին:
Աղոթում ենք, որ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի 33 տարիները խորհրդանշող հասակը Արցախի թեմի համար խաչելությունից հետո դառնա հարության և հարատևման խորհրդանիշ և ազդակ, և վստահ ենք, որ 33 տարիներ առաջ թեմի վերաբացմամբ կերտված հաղթանակները կրկին կվերադառնան՝ մեր հավատքի և հայրենիքի հանդեպ նվիրումի շնորհիվ:

 ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան