ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ՞ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հարցազրույց Ասկերանի Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանի հետ
-Տեր Հայր, գիտենք, որ փրկության գործում խիստ կարևոր է մկրտությունն ու կնունքը։ Նախ կխնդրեինք մի փոքր պարզապանեիք, թե ի՞նչ է մկրտությունը և ի՞նչ է կնունքը։
-Սիրելի գիտակից հայրենակիցներ, մինչև հարցերին անդրադառնալը, ուզում եմ մի բան հստակ ամրագրենք, որ 15-րդ դարում կաթոլիկ եկեղեցու տրոհման ու բաժանման արդյունքում առաջացած բողոքական հարանվանությունները և անցած հարյուրամայաների ընթացքում այդ հարանվանություններից, կրկին տրոհման արդյունքում ծնունդ առած բազմաթիվ ինքնահռչակ "եկեղեցիները" և նրանց "առաջնորդները" որևէ տարրական և բարոյական իրավունք չունեն դատավորի դիրքից Հայ Առաքելական եկեղեցուն մեղադրել առաքելաավանդ քրիստոնեական ճշմարտությունների խեղաթյուրման և աղավաղման մեջ: Մեր Մայր Եկեղեցին կանգնած է Նախնի եկեղեցու ակունքներում:
Դառնալով հարցին, թե, արդյոք, մկրտությունն ունի՞ ավետարանական հիմնավորում, բերենք 2 համար Ավետարանից. Հովհ. 3։3-5 համարներում մեր Տերը հստակ ասում է, որ մկրտությունը պարտադիր պայման է փրկության համար։ Ահա և այդ դրվագը. «Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը տեսնել»»։ Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծնուել մի մարդ, որ ծեր է. մի՞թէ կարելի է իր մօր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնուել»։ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը մտնել»։
Հաջորդ համարը Գործք Առաքելոցի 2-րդ գլխում է, որտեղ Առաքյալները Հոգեգալստից հետո երբ ստանում են Սուրբ Հոգուն, Որը նրանց վրա է իջնում հրեղեն լեզուների տեսքով, Երուսաղեմում տարբեր ազգերից հավաքված մարդկանց, նրանցից յուրաքանչյուրի լեզուներով ու բարբառով են սկսում ավետարանել, որից հետո, երբ մարդիկ հարցնում էին, թե ինչ պետք է անեն, Պետրոս Առաքյալը հստակ ասում է, որ պետք է ապաշխարել ու մկրտվել Հիսուս Քրիստոսի անունով։
- Բուռն բանավեճեր են ընթանում այն մասին, թե իբր չի կարելի մանուկներին մկրտել, որովհետև նրանք չեն գիտակցում։ Բայց չէ՞ որ մենք էլ, չնայած հասուն ենք արդեն, բայց շատ քիչ բան ենք հասկանում, թե ինչ է կատարվում այդ խորհրդի ժամանակ։
-Մանկամկրտությունը նույնպես ունի աստվածաշնչյան հիմնավորում։ Նիկոդեմոսի հետ Քրիստոսի զրույցի մեջ, որի մասին խոսեցինք արդեն, ասվեց, որ Աստծո Արքայություն մտնելու համար պարտադիր պայման է մկրտությունը։ Այստեղ Տեր Հիսուսը չասաց, թե մկրտությունը միայն չափահասներին է վերաբերում։
Փորձենք փոքր-ինչ ընդարձակել թեման. «Գործք Առաքելոց»-ում շատ օրինակներ կան, որ ամբողջական ընտանիքներ են մկրտվել և, անհեթեթություն կլիներ մտածել, թե այդ ընտանիքները միայն չափահաս մարդկանցից էր կազմված։ 50-րդ սաղմոսում Դավիթ մարգարեն ասում է. «Անօրէնութեամբ յղիացաւ եւ մեղքերի մէջ ծնեց ինձ մայրն իմ»։ Պարզ է, որ ադամական մեղքը ժառանգում ենք մեր ծննդով, ուստի ծնվելու օրից բոլորս էլ կրում ենք մեղքի մահաբեր չար սերմերը, որոնք մարդուն կործանման են տանում։ Մկրտության խորհրդի իմաստը հենց այդ ադամական մեղքից մաքրվելն ու ազատվելն է, ինչպես նաև Սուրբ Հոգու կենարար սերմերի սերմանումը, որոնք ժամանակի ընթացքում ծլում և աճում են։ Ուստի տրամաբանական է, որ մանկան մկրտելը պարտադիր է։ Ինչ մնում է այն պնդմանը, որ մանուկը գիտակից չէ, չի հասկանում աստվածային խորին խորհուրդները, հիշենք հինկտակարանյան թլպատության օրենքի օրինակը, երբ մանուկներին թլպատում էին 8 օրականում, ինչը քրիստոնեական մկրտության նախօրինակն է։ Եվ նշանակություն չուներ երեխան հասկանում է, թե՝ ոչ։ Սա ուխտ էր Աստծո և Նրա ժողովրդի միջև։
-Եվ վերջին հարցն այս թեմայի վերաբերյալ. վերջերս տեսանյութերի ենք հանդիպել, որտեղ ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականները գետի մեջ ընկղմամբ են կատարում մկրտությունը։ Արդյո՞ք դա սովորական երևույթ է, թե՞ ուղղակի երբեմն են դիմում այդ մեթոդին։ Եվ մենք ինչու՞ չենք հիմա պահում մկրտության այդ հին ձևը, հատկապես, որ դրա պատճառով մեր բողոքական եղբայրներն ու քույրերը, սկզբնական, առաքելական մկրտության այդ կերպից մեզ շեղված են անվանում։
-Բողոքական շատ հարանվանություններ, առաջին հայացքից, թվում է, պահպանում են առաջին քրիստոնեական ավանդությունները, բայց պետք է արձանագրենք, որ թե՛ Ավետարաններում, թե՛ առաքյալների գործերում, չենք հանդիպում օրինակների, որտեղ մկրտություններն իբրև թե միայն կատարվում էին գետերի մեջ կամ ավազաններում։ Որոշ դեպքերում այն կատարվում էր ուղղակի Սուրբ Հոգու էջքով, որից հետո էր միայն հանձնարարվում ջրի մկրտություն անել։ Որոշ դեպքերում կատարվում էր ջրի և առաքյալների ձեռնադրման միջոցով, երբ ջրով մկրտվելուց հետո, առաքյալների ձեռնադրմամբ մկրտվում էին Սուրբ Հոգով։ Հաճախ դա կատարվում էր համայնքներում, տներում, աղբյուրների մոտ, այսինքն՝ այնտեղ, որտեղ ջուր կար, հարմար էր ու մատչելի։ Մենք չենք մերժում մկրտության այն տեսակը, որ կատարվում է գետերում, մենք նույնպես ունեցել ենք գետերում մկրտություններ, ինչը, սակայն տարածում չունեցավ։ Գալով ուղղափառ եկեղեցուն, որը ժամանակ առ ժամանակ նման մկրտություն է կատարում, ավելի շատ հանդիսավորության և հանրայնացման նպատակով է արվում։ Այս հարցում ևս մեր Մայր եկեղեցին չի շեղվել ու չի աղավաղել մկրտության նախնական կերպը, որը մեզ ավանդվել է առաքյալների կողմից։
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ