ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԵՆ ԿԻՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ԱՇԽԱՐՀԻ ԲԱՑԱՌԻԿ ՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻՆ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արցախի Հանրապետությունը մարզական աշխարհում գրանցեց հերթական խոշոր նվաճումը: Դեկտեմբերի 7-8-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում տեղի ունեցած Կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունում արցախցի մարզիկ Արթուր Առուշանյանը 60 կգ քաշային կարգում նախ հաղթելով թուրք և ղազախ մարզիկներին, եզրափակիչում հանդիպեց Վրաստանի ներկայացուցչին և հաղթանակ տարավ` դառնալով կիոկուշին կարատեի աշխարհի եռակի չեմպիոն:
Դեկտեմբերի 11-ին Ստեփանակերտում հանդիսավորությամբ դիմավորեցին չեմպիոնին: Դիմավորողների թվում էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մարզական ոլորտի ներկայացուցիչներ, մարզասերներ, չեմպիոնի ընտանիքի անդամներ ու հարազատներ:
Մեզ հետ ունեցած ճեպազրույցում ԱՀ ԿԳՍ փոխնախարար Աշոտ Դանիելյանն ասաց, որ կիոկուշին մարզաձևի պատմության մեջ Արթուր Առուշանյանի հաջողությունները բացառիկ են. նա աշխարհի միակ եռակի չեմպիոնն է այդ մարտարվեստում, ինչին հասել է ինտենսիվ պարապմունքների շնորհիվ:
Արցախի կիոկուշին կարատե դո ֆեդերացիայի նախագահ Գագիկ Ավանեսյանը հավելեց, որ Արթուրն այդ հաջողություններին հասել է իր նպատակասլացությամբ, բարձր պատրաստվածությամբ, արցախցու կամքի շնորհիվ:
Ինքը` չեմպիոնը, անչափ համեստ գնահատեց իր հաջողությունը: Մրցաշարին մասնակցում էր 50 երկրներից 300 մարզիկ: ՙԴժվար մրցաշար էր, բայց անցել է հեշտ և արագ, քանի որ պատրաստվել ենք շատ գրագետ ու վստահությամբ առաջ շարժվել՚,- ասաց նա: Այն հարցին, թե ինչ զգացողություն է աշխարհի եռակի չեմպիոնի տիտղոսակիր լինելը, նա պատասխանեց.ՙԻնձ համար ավելի հաճելին այդ փուլին հասնելն է: Չեմպիոն դառնալու ճանապարհն աննկարագրելի է՚: