ԿԱՐԱՏԵԻ ԱՇԽԱՐՀԻ ՄԻԱԿ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆԸ ԱՐՑԱԽՑԻ Է...
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՙԱԱ՚¬ի հարցազրույցը Կիոկուշին կարատեի Եվրոպայի հնգակի և աշխարհի միակ եռակի չեմպիոն Արթուր ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ հետ։
-Տարին եզրափակում եք աննախադեպ հաղթանակներով… Ինչպե՞ս հաջողեցիք, ինչպե՞ս այն տրվեց Ձեզ։
-Տրվեց ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Ողջ տարվա ընթացքում պատրաստվում էինք և՜ Եվրոպայի և՜ աշխարհի առաջնություններին։ Ինչպես ծրագրել էինք, նույն կերպ էլ հաջողեցինք, մի քիչ էլ սպորտային բախտը ժպտաց մեզ։ Լավ էինք պատրաստվել, մարզչի՝ Սպարտակ Գասպարյանի հետ խնդիր դրեցինք և կատարեցինք այն գերազանց։ Ի դեպ, Սպարտակ Գասպարյանը Կիոկուշին կարատեի ՀՀ ֆեդերացիայի նախագահն է։
-Ինչպիսի՞ որակներ են անհրաժեշտ մարզիկին հաղթանակների հասնելու գործում։
-Իմ կարծիքով` նպատակասլացություն, նպատակադրվածություն, ավելացրած` կամքի ուժ, ինչը ամենակարևորն է, և հետևողական քրտնաջան աշխատանք։ Օգնում է նաև տարիների ընթացքում կուտակած արհեստավարժությունը։ Եթե օրվա կարգացուցակից մի փոքր շեղվում ես, ուրեմն բաց թողնված տեղ ունես և չես կարող ակնկալել բացարձակ հաջողություններ։ Մարզիկի համար շատ կարևոր է նաև երկաթյա կարգապահությունը, ոչինչ և ոչ ոք չպիտի կարողանա շեղել քո նպատակադիր մարզումները, եթե ուզում ես իսկապես արդյունքի հասնել։
-Ե՞րբ առաջին անգամ մարզական բախտը ժպտաց Ձեզ։
-2011 թվականին էր, առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձա։
-Եվ ընդամենն ութ տարվա ընթացքում հասցրինք 5 անգամ Եվրոպայի և 3 անգամ աշխարհի չեմպիոն հռչակվել։
-Փաստորեն այդպես է ստացվում…
2016 թվականին ապրիլյան մարտերին մասնակցեցի, հասցրեցի ընտանիք կազմել 17-ին, երբ դուստրս՝ Անիկան, պիտի լույս աշխարհ գար, առաջին անգամ աշխարհի առաջնությանն էի մասնակցում… Ծանր էր, բայց աղջիկս, ընտանիքս ինձ ուժ էին տալիս, և ես մտածում էի միայն հաղթանակի մասին, և այդ առաջին լուրջ հաղթանակը պիտի դստերս նվիրեի։
-Ի՞նչ սպասեն Ձեզնից Ձեր երկրպագուները, մարզասեր հասարակությունը… Կա՞ մի նշաձող, որը դեռևս անհասանելի է Ձեզ համար։
-Կարծես թե բոլոր տիտղոսներն արդեն նվաճված են…երկակի զգացողություն ունեմ, այդ հաղթանակներն առաջին հերթին փորձություն են ինձ համար, ի վերջո համոզվեցի ինչի եմ ունակ։ Երկրպագուներիս ասեմ, որ մի 20 օր հանգստանալու եմ, հունվար ամսից կրկին մարզումների եմ մեկնելու, փետրվարին ունենք մրցաշար՝ պրոֆեսիոնալ կանոններով… Այն մի փոքր ավանդական կանոններից տարբերվում է, պատրաստվելու եմ մեկ մենամարտի՝ աշխարհի տիտղոսի համար, այն կոչվում է SENHI` ճապոներենից թարգմանաբար նշանակում է մարտիկ։ Իսկ ավելի հստակ, մրցումները տեղի կունենան փետրվարի 22-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքում։ Իմ հնարավորությունները դեռ ամբողջովին բացահայտված չեն, կարծում եմ, դեռ բացվելու տեղ ու ասելիք ունեմ։ Նախատեսվում է 2024 թվականին մեր մարզաձևը մտցնել օլիմպիական խաղերի ցանկ։ Շատ հավանական է, որ ինքս էլ մասնակցեմ այդ խաղերին։
-Ի՞նչ էիք զգում այն պահին, երբ Ձեր պատվին հնչում էր օրհներգը, երբ ձեռքդ սրտիդ, եռագույնը ուսերիդ երգում էիր երկրիդ հիմնը։
-Մեր բոլոր ջանքերը միտված էին այդ օրվան ու այդ պահին: Վերջապես մենք հաղթեցինք, կրկնում էի մտովի, հասավ օրը, որին սպասում էինք, և որի համար մաքառում էինք։ Այդ պահին արդեն գիտակցում էի, որ թափածս արյուն¬քրտինքը իզուր չէր և, ամենակարևորը, հպարտություն էի զգում, հպարտ էի, որ զավակն եմ հաղթանակներ կերտած ազգի և այդ հավաքական հաղթանակների գործում ունեմ իմ լուման։
-Ի՞նչ կասես մրցակիցներիդ մասին։
-Չեմ թերագնահատի նրանց հնարավորությունները, հնարավոր էր բախտը ժպտար նրանցից յուրաքանչյուրին, բայց այս անգամ էլ ուժեղագույնը ես էի։ Առաջին մենամարտս թուրքի հետ էր, նրան հաղթեցի նոկաուտով, հետո ղազախին հաղթեցի, ապա նոր վերջին մենամարտում Վրաստանը ներկայացնող մարզիկին, ով նույնպես ազգությամբ հայ էր։ Հատկապես տպավորված եմ ղազախ մարզիկից և, ընդհանրապես, Ղազախստանում սպորտը շատ հարգի է, նրանք իրենց մարզիկներին շրջապատում են մեծ հոգածությամբ, կիոկուշին կարատեի նրանց մարզիչներն ամսական 2 հազար դոլար թոշակ են ստանում։ Նրանք ազգովի սիրում են սպորտը, մեծ խանդավառությամբ երկրպագում իրենց չեմպիոններին։ Մեզ համար սրճարանում նստած հանգստանում էինք, մոտենում էին, հետաքրքրվում, նկարվում օտարերկրյա մարզիկներիս հետ, և իրենց համար մեծ պատիվ էին համարում մարզիկների հետ շփվելն ու լուսանկարվելը։
-Սիրած մարզաձևից բացի ուրիշ ինչ նախասիրություններ ունեք, և եթե ազատ ժամանակ եք ունենում, ինչպե՞ս եք տնօրինում։
-Սիրում եմ ճամփորդել, բայց այն հաճախ չի տրվում։ Ճիշտ է, տարբեր երկրներ ենք մեկնում, բայց երկիրը տեսնում ենք մեզ տեղափոխող տրանսպորտի պատուհաններից: Մրցաշարերից առաջ անցկացվող պարապմունքները մեզնից շատ ժամանակ են խլում և հնարավոր չի լինում ճանաչել այս կամ այն երկիրն իր լայնքով ու խորքով։ Իսկ եթե զուգադիպություններ լինում են, երբ պարտադրված ենք մրցումներից հետո մնալ, ապա ընձեռված հնարավորությունը բաց չենք թողնում։ Իսկ տեսածս երկրներից շատ եմ հավանում Պորտուգալիան, հրաշալի երկիր է։ Նաև շատ եմ սիրում ճամփորդել սարերում։
-Սովորաբար մարզիկներն իրենց հաղթանակները նվիրում են ինչ¬որ մեկին, Դուք այն ո՞ւմ եք նվիրում։
-Ես իմ բոլոր հաղթանակները միանշանակ նվիրում եմ այն բոլոր հայորդիներին, ովքեր այլևս սուրբ նահատակներ են։ Նրանք բոլորն էլ ինձ համար հերոսներ են, հայրենիքի արժանավոր զավակներ։ Ոչ մեկին չեմ կարող առանձնացնել, պաշտում եմ ՙՄահ իմացյալ՚¬ը որդեգրած բոլոր կամավորներին, և մինչև կյանքիս վերջը պարտավոր եմ ոչ միայն նրանց հիշել ու մեծարել, այլև բարձր պահել նրանց անունն ու պատիվը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև փառավորել նրանց գործած սխրանքները։
-Կա նախադեպը, երբ հայտնի մարզիկներին խոշոր գումարներով գայթակղում ու հրավիրում են տարբեր երկրներ, Դուք նման առաջարկություն ստացե՞լ եք։
-Ստացել եմ, և ոչ մեկ անգամ, մերժում ստանալով, այլևս չեն անհանգստացնում։ Ես գերադասում եմ իմ Արցախը, ուր էլ որ գնում եմ մեկ շաբաթից հետո տուն վերադառնալու անհագ ցանկություն եմ ունենում, կարոտին դիմակայելն արդեն անհնար է դառնում։ Ես հոգու հանգստություն գտնում եմ միայն իմ Հայրենիքում։
-Դուք նաև մարզչական աշխատանք եք կատարում, ունե՞ք արժանի հետևորդներ։
-Արդեն Եվրոպայի չեմպիոն ունենք՝ Արեն Կարապետյանը, ով մայիսին Գերմանիայում նվաճեց այդ տիտղոսը։ Արամ Միքայելյանը դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ունենք աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր։ Աղջիկներից Աղասյան Անգելինան նվաճեց Եվրոպայի բրոնզե մեդալ, իսկ Ծովինար Ավանեսյանն արդեն չգիտեմ, հաշիվը կորցրել եմ, որերորդ անգամ Հայաստանի չեմպիոն է դարձել։
-Ձեր բարեմաղթանքներն ու շնորհավորանքները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
-Իմ բոլոր հայրենակիցներն, ովքեր ապրում ու արարում են Սփյուռքում, Հայաստանում ու Արցախում, թող երբեք չմոռանան, որ իրենց երակներում հոսում է հերոսական ազգի արյունը։ Ցանկանում եմ, որ ժողովուրդս առաջին հերթին հաղթահարի իր թուլությունները, թերությունները և դժվարությունները։ Բոլոր հայրենակիցներիս իղձերին ի կատարում… Ցանկությունս է, որ 2020 թվականին աշխարհասփյուռ բոլոր հայերի դեմքից ժպիտն անպակաս լինի և նրանց ուղեկցեն հաղթանակները կյանքի բոլոր փուլերում ու բնագավառներում։ Հարգում եմ այն բոլոր հայերին, ովքեր բարձր են պահում հայի ու Հայաստանի անունն ու պատիվը աշխարհի որ ծայրում էլ որ գտնվեն։ Սակայն ինձ համար առավել քան հարգանքի է արժանի այն հայը, որի ուշքն ու միտքը իր տան շեմին է, ով հաղթանակները ոչ թե դրսում է տոնում, այլև տուն է բերում, իսկ դրսի մեր հայրենակիցներն էլ թող որ լինեն մեր արժանավոր դեսպանները արտերկրում։