ԵՐԲ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՍ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԴ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Շախմատի կանանց միջազգային վարպետ, միջազգային գրոսմայստեր, ուսուցիչ, գիտաշխատող, բազմազավակ մայր, գեղեցկուհի և վերջապես՝ արցախցու հարս: Հայտնի կինոյի հերոսի տարբերակով կարճ այսպես կարելի է բնութագրել շախմատի Հայաստանի աղջիկների եռակի փոխչեմպիոնուհի, ՙԴինամո՚ մարզընկերության Խորհրդային Միության աղջիկների առաջնության հաղթող, 32-րդ համաշխարհային օլիմպիադայի հատուկ մրցանակակիր, Պրիմորիեի երկրամասի կրկնակի և Հեռավոր Արևելքի չեմպիոնուհի, Ռուսաստանի կանանց ակումբային առաջնության 3-րդ մրցանակակիր Նաիրա Մովսիսյանին:
Նրա հետ մեր ծանոթությունը սկսվեց անցյալ տարվա ամռանը, երբ Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչների կազմում նա Ստեփանակերտում էր` Արցախի ՙՇախմատ՚ առարկան դասավանդող ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու նպատակով: Դրանից օրեր առաջ էլ էր այստեղ՝ որպես Համահայկական խաղերի շախմատ մրցաձևի գլխավոր մրցավար:
Իր կանացիությամբ ու համեստությամբ, առարկայի վերաբերյալ հարուստ գիտելիքներով, մանկավարժական վարպետությամբ՝ նա անմիջապես գրավեց Արցախի ուսուցչական լսարանը:
Շատ երկար ժամանակ պետք չեղավ հասկանալու համար, որ շախմատը Նաիրա Մովսիսյանի ճակատագիրն է:
Ծնվել է Երևանում, մասնագիտությամբ գեղանկարիչ, գործունեությամբ շախմատի մարզիչ Նորայր Մովսիսյանի ընտանիքում: Մանկուց սիրել է շախմատը, սկսել է զբաղվել վեց տարեկանից: 8 տարեկանում եղել է 1-ին կարգային, 13-ում` վարպետության թեկնածու,1995թ. Հայաստանի կանանց առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր՝ ընդգրկվելով հավաքականի կազմ: 1996թ Երևանի ֆիզիկական կուլտուրայի շախմատի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհին Շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադայում, որը տեղի է ունեցել Երևանում, շահել է հատուկ մրցանակ` վաստակելով 8,5 միավոր 11 հնարավորից և լրացրել միջազգային վարպետի նորման:
Ինստիտուտում գերազանցությամբ սովորելուն զուգահեռ աշխատել է որպես շախմատի մարզիչ: Այնուհետև ամուսնանալով (ամուսինը նույնպես շախմատիստ է)՝ տեղափոխվել է ՌԴ: Շարունակել է շախմատային կարիերան: Մասնակցել է միջազգային մրցաշարերի, Եվրոպայի կանանց առաջնությունների, (վերջին մեկ տարին՝ ՌԴ դրոշի ներքո): Սովորել է Խաղաղօվկիանոսյան տնտեսագիտական պետական համալսարանում: Դասավանդել է շախմատ համալսարանում, պարապել համալսարանական թիմի հետ: ՌԴ-ում դարձել է միջազգային գրոսմայստեր:
ՙԵրևի շախմատն է եղել ձեր միության պատճառը՚,-հարցնում եմ նրան, որին հետևում է պատասխանը. ՙՇախմատը ոչ միայն իմ ընտանիքն է կազմավորել: Հետաքրքիր է, որ հայրս էլ մորս հետ ծանոթացել է շախմատի միջոցով: Երկուսն էլ Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում են սովորել: Ֆիզկուլտուրայի դասախոսը հորս ասել է, որ շախմատի ուսանողական սպարտակիադա պետք է լինի, թող մի քիչ պարապի մորս հետ՚: ՙՈւրեմն շախմատը ձեր ընտանիքի ճակատագիրն է՚,-համոզմունքս ավելի է ամրապնդվում:
2006թ. երիտասարադ շախմատիստների ընտանիքը վերադառնալով Հայաստան` հիմնավորվել է Աբովյան քաղաքում, որտեղ եվրոպական չափանիշներին համապատասխան շախմատի դպրոց էր բացվել: Շախմատի ակադեմիայից հետո իր պայմաններով այն երկրորդն էր Հայաստանում, և Նաիրան դառնում է այդ դպրոցի հիմնադիր տնօրենը: Իսկ երբ 2011թ. շախմատը որպես առարկա մտավ հանրակրթական դպրոց, Նաիրա Մովիսիյանը դարձավ Կոտայքի մարզի 90 հանրակրթական դպրոցների շախմատ առարկայի համակարգողը: Նրա խնդիրն էր գտնել մասնագետներ, վերապատրաստել, կատարել դասալսումներ, օգնել մեթոդապես, հետևել ծրագրերի կատարմանը: Տարեկան երեք անգամ էլ վերապատրաստումներ է անցկացնում: Իսկ 2018թ. սեպտեմբերից աշխատում է նաև Շախմատի գիտահետազոտական ինստիտուտում որպես գիտաշխատող: Մասնակցում է բոլոր հետազոտություններին, որոնք կապված են աշակերտների վրա շախմատ առարկայի ազդեցության հետ:
Այս գերզբաղվածության պայմաններում հասցրել է ունենալ նաև 5 երեխա: Եվ իր բոլոր մարզական կոչումներին ավելացնել ամենաբարձր` ՙՀերոսուհի մայր՚ կոչումը. այսպիսի մեծարանքով նրան մեզ ներկայացրեց գործընկերը` Շախմատի ակադեմիայի մարզիչ Սամվել Միսակյանը:
ՙՈղջ կյանքում համատեղել եմ ուսումը շախմատի, աշխատանքը` ընտանիքի հետ: Իմ կարծիքով ամենամեծ երջանկությունը լավ ընտանիքն ու երեխաներն են: Մենք երբեք չենք խուսափել երեխաներ ունենալուց: Փառք Աստծո, ունենք 4 աղջիկ և մեկ տղա, յուրաքանչյուր երեխա իր ղսմաթն է բերել մեր ընտանիքին՚,- ասում է բազմազավակ մայրը, որն արդեն թոռնիկներ ունենալու մասին է երազում, բայց դեռ ընդամենը 43 տարեկան է:
ՙԻնձ միշտ ասում են` շուտ ամուսնացար, կարող էիր կարիերադ ավելի երկար շարունակել, բայց ես կարծում եմ ` առաջնայինը լավ ընտանիք ստեղծելն է՚,-շարունակում, բայց ես կարծում եմ ` առաջնայինը լավ ընտանիք ստեղծելն է՚,-շարունակում է:
Աշխատանքի բերումով ամբողջ օրը վազվզուքի մեջ` շատ է հոգնում, բայց վերադառնալով տուն` հոգնությունն անմիջապես անցնում է: Ոչ թե այն պատճառով, որ նստում կամ պառկում -հանգստանում է, այլ որ նորից լծվում է գործի, բայց այս անգամ` ընտանիքի համար: Դա էլ ուրիշ հաճույք է:
Երեխաները հետևու՞մ են ծնողների մասնագիտությանը: Ասաց, որ ավագ դուստրը հետևեց մինչև առաջին կարգային դառնալը, բայց ընտրեց լրագրողի մասնագիտությունը: Սովորում է ԵՊՀ լրագրության բաժնում, հավանաբար մարզական լրագրող կդառնա: Նրանից փոքրը սովորում է ՙԱյբ՚ դպրոցում: Երրորդը` տասը տարեկան դուստրը, սպորտսմենուհի է, կարատեի Հայաստանի չեմպիոն է: Փոքրերը հաճախում են մանկապարտեզ: ՙԱմեն ինչ ունենք` ուսանող, աշակերտ, մանկապարտեզի սան՚: Իսկ ես մտածում եմ. ՙԱյս կինը ժամանակ չունի հոգնելու, դրա համար էլ ժամանակը նրա կողքով է անցնում ու իր հետքերը չի թողնում նրա վրա, և այդ պատճառով էլ այդպես երիտասարդ է մնում՚: Իսկ նա, կռահելով միտքս, լրացնում է.ՙԵրբ ընտանիքում ամեն ինչ հաջող է, երեխաներն առողջ են, ամեն մեկն իր հետաքրքրություններն ունենալով հանդերձ` իրար հասկանում են, փոխըմբռնում կա, ամեն ինչ հեշտ է ստացվում` տանը թե դրսում: Հաճախակի գործուղումներում եմ լինում, ամուսինս է միշտ երեխաների հետ, հոգսերս կիսում է, երեխաներն իրար օգնում են, և ես կարողանում եմ հանգիստ աշխատել՚: Լսողը կմտածի, որ հավանաբար ամուսինը չի բազմազբաղ, բայց նա Աբովյան քաղաքում հանրակրթական դպրոցի շախմատի ուսուցիչ է և մարզիչ` քաղաքի շախմատի դպրոցում ու նաև` Բյուրեղավան քաղաքում Շախմատի ակադեմիայի մասնաճյուղի մարզիչ:
Ի ամփոփում` Նաիրային խնդրեցի ամենակարևոր երեք բանը նշել երջանկության համար:
- Առաջինը սերն է ընտանիքի նկատմամբ, հայրենիքի, մասնագիտության, դիմացինիդ նկատմամբ… Եթե սեր չեղավ, ամեն ինչը տանջանք կլինի: Մի քանի տեղ աշխատում եմ, ընտանիքում երեխաները շատ են, դժվար է, անշուշտ, բայց երբ շատ սիրով ես անում ամեն ինչ, չես զգում այդ դժվարությունը:
Երկրորդը հավատն է: Պետք է հավատաս քո հայրենիքին, քո հաջողություններին: Չեմ սիրում դժգոհողներին, բողոքողներին: Հենց որ մեկը դժգոհում է, ասում եմ` բա ես ի՞նչ ասեմ: Մենք տանը պապիկ-տատիկներ չունենք, օգնողներ չունենք, ամեն ինչ մեր ուսերի վրա է:
Երրորդը. պետք է կարողանաս կյանքում քո առաքելությունը կատարել. մարդ պետք է հասկանա` ինչի համար է ինքը ծնվել և անպայման մի լավ բան անի: Եթե կարողանա անել երկրագնդի համար, շատ լավ կլինի, եթե անի իր ազգի համար՝ ավելի լավ: Անպայման պետք է մի լավ բան կատարի: Պարտադիր չէ, որ իրեն վարձահատույց լինեն դրա համար, հասկանա, որ դա իր առաքելությունն է, ինքը դրա համար է ծնվել: