ԱՐՑԱԽՈՒՄ ՆՇՎԵՑ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐՆԻԿԻ ՕՐԸ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Արդեն 10-րդ տարին է` սեպտեմբերի 17-ին Արցախում նշում են ֆիզկուլտուրնիկի օրը։ Այդ կապակցությամբ ամեն տարի Ստեփանակերտի տարբեր վայրերում կազմակերպվում են մարզական զանազան միջոցառումներ։ Հանրապետության կազմավորումից ի վեր արցախցի մարզիկները տարբեր մարզաձևերում միշտ էլ փորձել են հանդես գալ ըստ արժանվույն և մեր դրոշը ծածանել միջազգային հարթակներում։ Արցախցի մարզիկները տարբեր մարզաձևերի եվրոպայի և աշխարհի առաջնություններում, գավաթի խաղարկություններում 199 անգամ զբաղեցրել են մրցանակային տեղեր, իսկ աշխարհի առաջնություններում էլ 44 անգամ դարձել հաղթողներ։ ԱՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պատվավոր կոչումների են արժանացել 43 հոգի, իսկ 210 մարզիկ էլ պարգևատրվել է Արցախի կառավարության կողմից։ 2011թ. ԱՀ նախագահի կողմից Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին հատկացվում են դրամական պարգևներ։
Տոնական օրվա մարզական միջոցառումների մեկնարկն այս տարի տրվեց ՙՄենք ենք մեր սարերը՚ հուշահամալիրից՝ հեծանվավազքի մրցաշարով։ Այն կազմակերպվել է 5-10-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների միջև։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն արժանացել են պատվոգրերի և դրամական պարգևների։ Մարզական մյուս միջոցառումներին մասնակցել են նաև մեծահասակները։ Այսպես, սեղանի թենիսի մրցաշարին մասնակցել են 40 և ավելի բարձր տարիքի մարզիկներ, նարդու մարզական միջոցառմանը՝ 63 տարեկանից բարձր անձինք. կայացել է նաև շախմատի առաջնություն։ Օրվա առթիվ ԱՀ նախագահի կողմից ստորագրվեցին հրամանագրեր, համաձայն որոնց Վալերի Հայրիյանին շնորհվեց վաստակավոր գործչի, Էդիկ Հայրապետյանին վաստակավոր աշխատողի, Վիլեն Ավագյանին և Յուրի Ավագյանին վաստակավոր մարզչի կոչումներ։
Օրվա երկրորդ կեսին Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել տոնական հանդիսավոր միջոցառում, որի ժամանակ ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության կողմից խրախուսվեցին սպորտի մի շարք վետերաններ, մարզիկներ, մարզիչներ, ոլորտի աշխատողներ։ Պարգևները հանձնեց ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը։ Խրախուսանքի արժանացած ԱՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախկին նախագահ Ռազմիկ Հովսեփյանը նախ շնորհավորեց Ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ և նշեց, որ այս օրն ընդունվել է 10 տարի առաջ սպորտի պետական կոմիտեի նախաձեռնությամբ, և որ նույնիսկ Հայաստանում մինչև հիմա նման տոն չկա։ ՙՄաղթում եմ բոլոր մարզիկներին վերականգնել պարապմունքների ռեժիմը և կրկին մասնակցել ինչպես ՀՀ, այնպես էլ եվրոպայի և աշխարհի առաջնություններին։ Այս տարի նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով մեր մարզիկները չկարողացան մանսակցել ՀՀ և միջազգային մրցաշարերին, բայց համոզված եմ, որ շուտով կհաղթահարենք այդ խոչընդոտը« ու արցախցի մարզիկները կշարունակեն արժանապատվորեն զբաղեցնել մրցանակային տեղեր արտերկրում անցկացվող առաջնություններում։ Շնորհակալ եմ նաև, որ մեր կատարած աշխատանքը գնահատեց նորաստեղծ նախարարությունը՚,- հավելեց Ռ. Հովսեփյանը։
Մարզադաշտում կազմակերպվեց նաև աթլետիկայի մրցաշար (100մ, 400մ, 800մ վազքատարածությունում) աղջիկների և տղաների միջև։ Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, աթլետիկա մրցաշարի գլխավոր մարզիչ Կարեն Մելքումյանի պարզաբանմամբ՝ տարիքային սահմանափակումներ չեն եղել, քանի որ մարզական միջոցառումն առաջնություն չէր, այլ Ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված աթլետիկայի մրցաշար։ Մասնակիցների 70%-ը ՀՀ առաջնությունների չեմպիոններ և մրցանակակիրներ են։ Ընդհանուր առմամբ մասնակցել է 30 աթլետ։ Գլխավոր մարզիչը գոհ է սաների ցուցաբերած արդյունքներից։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն արժանացան պատվոգրերի և դրամական պարգևների։
Մարզադաշտում ցուցադրական ելույթներով հանդես եկան արցախցի ուշուիստները, ՙՖուեգո՚ ժամանակակից պարերի ստուդիայի սաները։ Վերջում կայացավ մինի ֆուտբոլի մրցաշար։
Հանդիսավոր միջոցառումներին ներկա էին ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը, նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանը, ոլորտի պատասխանատուներ, մարզիկներ, մարզիչներ, սպորտի սիրահարներ։
;